Մատչելիության հղումներ

Հայտնի ձայնագրության ուսուցչուհին պատրաստվում է մինչև վերջ գնալ. տնօրենը պնդում է` թող ապացուցի, թե կաշառք տվել է


Մելինե Հակոբյանը` ուսուցչուհին և Մարինա Մալախյանը՝ տնօրենը

Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում։ Փաստերի ստուգման հարթակի հրապարակած այս հոդվածն ու կցված ձայնագրությունը պայթեցրեց համացանցը։ Ըստ Փաստեր ստուգող լրագրողների՝ ուսուցչուհին 1500 դոլար է վճարել տնօրենին աշխատանքի անցնելու համար և ամեն ամիս իր աշխատավարձից մի մաս է հատկացրել տնօրենին դասաժամերն ապահովելու համար։

«Ազատությունը» գնաց հրապարակման հետքերով։ Խոսքը Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի մասին է, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։ Դպրոցը 25 տարի տնօրինում է Մարինա Մալախյանը՝ նույն ինքը՝ ձայնագրությունում հիշատակվող Մարինա Գրիգորևնան։

Տնօրենը տեղում էր, ինքնազգացողությունը վատ էր, դժվարությամբ, բայց համաձայնեց խոսել ձայնագրության մասին. «Տիկին Մելինեն փոխադրվել է մի այլ դպրոցից, որտեղ փոխարինում էր ֆիզարձակուրդում գտնվող մի անձնավորության, և այնտեղի ուսմասվարը, խոսելով մեր ուսմասվարի հետ, որ ունենք ուսուսիչ, որն ազատվում է աշխատանքից, որովհետև վերադարձել է կամ պետք է վերադառնա ֆիզարձակուրդից այդ ուսուցչուհին, կարո՞ղ է դուք իրեն տեղավորեք: Հասմիկ Վլադիմիրովնան, ես միասին խորհրդակցեցինք, ասացինք` անհապաղ հիմա մեզ պետք է տարրականի մասնագետ, թող գա»։

Կաշառքի մասին բարձրաձայնած ուսուցչուհին՝ տիկին Մելինեն դպրոց եկել է 2019թ.-ին։ Մասնակցել է տարրական դասարանի ուսուցչի թափուր հաստիքի մրցույթին ու ընտրվել։ Հարցազրույցին ներկա էր նաև կրկին ձայնագրությունից հայտնի ուսմասվարը՝ Հասմիկ Կանջարովան։ Հարցին՝ եղե՞լ է նման բան` տիկին Մելինեն իրեն գումար տվե՞լ է տնօրենին փոխանցելու համար, թե ոչ, կարճ պատասխան տվեց. «Ո՛չ, նման բան չի եղել, իսկ ինչի՞ ինքը պետք է բերեր, ինձ գումար տար»:

Տարածված ձայնագրության մեջ նաև հստակ թվեր են հնչում, որը ըստ ուսուցչի` ինքը ուսմասվարի միջոցով փոխանցել է տնօրենին. «Ինձ տվել ա 29 հազար, վերջում էլ 25-28, էդ ա եղել»:

Ուսմասվարն ասաց, որ ինքը ձայնագրությունը չի լսել, ի վիճակի չէ, առողջականը թույլ չի տալիս, արդեն երկրորդ օրն է` ուշքի չի գալիս, ինքնազգացողությունը վատ է։ Տնօրենը ձայնագրությունը լսել էր. «Ես ձայնագրությունը հետո որ լսեցի, ասացի` հարգելի՛ կոլեգաներ, սա ի՞մ ձայնն է, գուցե սա մոնտաժ է արվել կամ ինչ, ես իմ ձայնը չեմ ճանաչում»:

Հարցին` այդպիսի խոսակցություն ձեր մեջ տեղի ունեցե՞լ է, Մարինա Մալախյանը պատասխանեց. «Ոչ այնպիսի, ինչպիսին ինքը ներկայացնում է, միայն դա եմ ասել»: Նրա խոսքով` բովանդակային փոփոխություններ են եղել. «Վստահաբար եմ ասում դա Ձեզ, վստահաբար»:

Եղել է, թող ապացուցի, փաստեր ներկայացնի, ասում է տնօրենը՝ պնդելով, որ ինքը որևէ գումար չի պահանջել և չի ստացել։ Համատեղ աշխատանքի ընթացքում Մելինե Հակոբյանը իրեն երկու անգամ ծաղիկներ է նվիրել և մեկ անգամ ձեռագործ տիկնիկ։ Իսկ ծաղիկներ բոլորն են նվիրում, նոր ուսումնական տարվա առթիվ, օրինակ, ստացած բազմաթիվ ծաղկեփնջերը դեռ սենյակում էին։ Ծաղիկը կաշառք չէ, նվիրել է իր ցանկությամբ, ասում է տնօրենը։ Ի դեպ, նման արտահայտությունը տնօրենը նաև ձայնագրության մեջ է անում:

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է ուսուցչուհին հիմա ըմբոստացել իր դեմ, տնօրենը պատասխանեց, որ պատճառը եղել է նոր ուսումնական տարում ծնողների դժգոհության պատճառով նրան դասարան չտրամադրելը, բայց դասաժամերով ապահովել են. «Անկիրթ պահվածքից հետո, ոչ ադեկվատ պահվածքից հետո բավարարեցինք իր ժամերը, և ինքը այս սուտ գործողությունները արեց, ինչի՞ համար, խայտառակելով ո՞ւմ: Այս խոսքը կարելի է միայն ընտրել` ո՞ւմ»:

Բոլոր այս ինչու-ների պատասխանը տնօրենը կարող էր հենց իրենից՝ Մելինե Հակոբյանից ճշտել, ուսուցչուհին կողքի սենյակում էր, բայց նրա հետ խոսելու ցանկություն ինքը չունի, ասաց։

Մելինե Հակոբյանը մեզ հետ զրույցում կրկին հաստատեց՝ գումարը տվել է, որպեսզի ընդունվի աշխատանքի. «Պահանջել է ամեն ամիս իմ աշխատավարձից, հետո համարել է` դա քիչ է, որ պիտի աշխատավարձի 50 տոկոսը վճարեմ իրեն, ու իմ 13 ժամից 5 ժամը վերցրել է առանց պատճառի, տվել է ուսուցչի օգնականին, որն իրավունք չունի ժամեր ունենալու: Վախեցրել է, որ եթե ես չտամ համապատասխան գումարը, ինքը կկրճատի երկարօրյայի հաստիքը»:

Իսկ անհատական զրույցները սկսել է ձայնագրել այն պահից սկսած, երբ «տնօրենը պահանջեց ավելացնել» իրեն տրվող չափաբաժինը. «Խնդրում եմ, Դուք ոչ մի ուսուցչի հարց մի տվեք, անհարմար իրավիճակի մեջ մի գցեք իմ կոլեգաներին, որովհետև ես համոզված եմ, որ նրանք Ձեզ ոչինչ չեն ասելու, որովհետև ինքն այնպիսի վախ է կերցրել բոլորին, ես միակ մարդն եմ, որ 25 տարվա մեջ դեմ եմ գնացել իր սկզբունքներին, որովհետև ուզում եմ, որ արդարություն լինի վերջապես մեր երկրում: Անգամ եթե ես էլ պատասխանատվության ենթարկվեմ, ես պատրաստ եմ, որ այդ կնոջը պատասխանատվության ենթարկեն իր անարդարությունների համար: Բավական է արդեն»:

Մամուլի հրապարակումը կաշառքի վերաբերյալ դատախազությունում ուսումնասիրվում է, այս մասին այլ մանրամասներ առայժմ չկան։ Համաձայն օրենքի` տնօրենը եթե ունի բավարար հիմքեր, ուսուցչին կարող է հեռացնել աշխատանքից, սակայն տնօրենին այդ պաշտոնից ազատել հնարավոր չէ, քանի դեռ մեղքը ապացուցված չէ դատական վճռով։

«Ազատության» տեղեկություններով` կրթական գերատեսչությունում քննարկվու է տնօրենին հավաստագրից զրկելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG