Մատչելիության հղումներ

ՊՆ. Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել


Ադրբեջանական զինուժը այսօր` 11։10-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունը դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները` նախազգուշացնելով, որ դրանք անպատասխան չեն մնա։ «Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - շեշտում է ՊՆ-ն։

Պատերազմից հետո, ըստ հայկական կողմի, Գեղամ Սահակյանն ադրբեջանական կրակոցից սպանված 10-րդ զինծառայողն է։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմի մեղադրանքը. «Այսօր նշված ուղղությամբ ադրբեջանական բանակի կողմից որևէ կրակոց չի արձակել»:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև հերքում է հայկական կողմի պնդումները` սահմանամերձ արոտավայրերը դիտավորյալ հրդեհելու, անասուններ գողանալու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG