Մատչելիության հղումներ

Թուրքագետը կասկածով է վերաբերվում, թե Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը, հորդորում չշտապել


Էրդողանը նախապայմաններ է դնում, շեշտում է Թաթուլ Հակոբյանը

Թուրքիայի նախագահն անուղղակի նախապայմաններ է առաջ քաշում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, վստահ է պատմության հետազոտող, «Անի» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Հակոբյանը: Վերջինս նորություն չի համարում Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը։

«Ակնարկում է, որ Հայաստանը պետք է ճանաչի ժամանակակից Թուրքիայի սահմանները, ինչը մենք արել ենք 1921 թվականի Կարսի պայմանագրով, ինչպես նաև ինչը մենք ոչ ուղղակի, բայց անուղղակի կերպով արել ենք հայտնի երկու արձանագրությունները ստորագրելով, և վերջապես Թուրքիան, բնականաբար, ակնարկում է և շատ պարզ ձևով, որ Հայաստանը պետք է չներգրավվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այս գործընթացում», - նշում է Հակոբյանը:

Էրդողանը հայտարարել էր, թե Անկարան պատրաստ կարգավորել հարաբերությունները Երևանի հետ՝ բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։ Նման հայտարարություն Թուրքիայի նախագահն արել էր նախօրեին լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությանը, թե Երևանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից և համապատասխանաբար կարձագանքի:

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համար էլ նորություն չէ Էրդողանի հայտարարությունը։ Սաֆրաստյանը նկատում է՝ նույնաբովանդակ հայտարարություններ Անկարան բազմիցս է արել, մեծ սպասումներ պետք չէ ունենալ դրանից։ Թուրքագետը կասկածով է վերաբերվում, թե Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը. «Ես դա համարում եմ թուրքական դիվանագիտության գործելաոճի առանձնահատկություններից, որ հիմնականում հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք դրական կարող են ընդունվել աշխարհի տարբեր տարածաշրջաններում, աշխարհի ուժեղ պետությունների կողմից, բայց իրականում Թուրքիան այլ քաղաքականություն է հետապնդում ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ այլ` իրեն հարակից տարածաշրջաններում»:

«Երևանը պետք է սպասի Թուրքիայի հաջորդ քայլերին ու հայտարարություններին»

Ռուբեն Սաֆրաստյանն ասում է՝ պաշտոնական Երևանը պետք է չշտապի քայլեր իրականացնելու հարցում, այլ պետք է սպասի Թուրքիայի հաջորդ քայլերին ու հայտարարություններին, որոնք կհաստատեն՝ Անկարան իրապես է ցանկանում կարգավորել հարաբերությունները Երևանի հետ. «Եթե Թուրքիան իսկապես ունի բարի կամք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, նա պետք է սահմանում հաստատի նորմալ անցումային ռեժիմ, և սահմանը պետք է գործի, ինչպես նորմալ սահման: Եթե դա Թուրքիայի կողմից արվի, ես կսկսեմ հավատալ, որ նրանք իսկապես փոխել են իրենց մոտեցումները, որովհետև տասնամյակներ շարունակ նմանատիպ հայտարարություններ հնչել են Թուրքիայից, բայց իրականում Թուրքիան վարել է Հայաստանի նկատմամբ հարկադրման քաղաքականություն»:

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից, նույն տարում փակվել էր նաև օդային սահմանը, սակայն այն բացվեց 1995 թվականին։ Չնայած 1991թ. դեպտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն ձևավորվել:

Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին էր խոսել։ Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ դա փաստում է, որ Անկարան պատրաստ չէ միանգամից և ամբողջական հարաբերությունների կարգավորման, անգամ այն բանից հետո, երբ Թուրքիայի գլխավոր նախապայմանը՝ Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխությունն արդեն կյանքի է կոչվել. «Եթե ժամանակին թուրքերը մեզ առաջարկում էին, հորդորում, պնդում էին, որ մենք դուրս գանք երկու գյուղից, երկու շրջանից, և դրա դիմաց պատրաստ են, օրինակ, բացել Հայաստանի սահմանը, հիմա կբացեին, թե չէ, մեկ այլ խնդիր է, բայց այդպիսի հայտարարություններ են արվում, այս անգամ նրանք ստացել են ամեն ինչ` Թուրքիան և Ադրբեջանը ստացել են ամեն ինչ, հետևաբար նրանք կարող էին առանց որևէ բանի սահմանները բացել, մանավանդ որ պատերազմից հետո անցել է արդեն 8-9 ամիս»:

Հակոբյանն ասում է՝ ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ կողմ են հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու օգտին։ Ըստ նրա` եթե առաջին նախագահի օրոք դա չհաջողվեց՝ արցախյան հակամարտության պատճառով, ապա երկրորդ և երրորդ նախագահների ղեկավարման օրոք սխալ քաղաքականության պատճառով։ Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ի տաբերություն Ռոբերտ Քոչարյանի, փորձում էր Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, սակայն Սարգսյանը կոպտագույն սխալ գործեց։

«Ստեղծել էին միֆ և այդ միֆը ստեղծել էին և՛ իրենց համար, և՛ այդ միֆով և՛ իրենց էին կերակրում, և՛ հայ ժողովրդի մի հատվածին, որ իբր Ղարաբաղի հարի լուծումն ու այս արձանագրությունների ստորագրությունները զուգահեռ են ընթանում: Մինչդեռ եթե Սերժ Սարգսյանն ուզում էր, որպեսզի թուրք-հայկական հարաբերություններում գրանցվի առաջընթաց, նա ինչ-որ բան պետք է աներ Արցախում, այսինքն` ստատուս քվոյի որևէ փոփոխություն, ասենք` երկու գյուղ պետք է հանձներ, ինչը մենք չարեցինք, և դրա համար Թուրքիան որևիցե ձևով չգնած հարաբերությունների կարգավորման», - նկատում է «Անի» հետազոտական կենտրոնի տնօրենը:

«Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած գործընթացի նախաձեռնողը հենց Սերժ Սարգսյանն էր։ Երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Հայաստանն ու Թուրքիան 2009-ին Ցյուրիխում արձանագրություններ ստորագրեցին, սակայն գործընթացը փակուղում հայտնվեց նույն տարում, հայկական կողմի ներկայացմամբ, Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանը չեղարկեց 2018 թվականին:

Թաթուլ Հակոբյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների մասով պետք է դիտարկել 44-օրյա պատերազմի ենթատեքստում։

«Որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք և դրան ազդակներին դրական ազդակով կպատասխանեն», - նիստին հայտարարել էր Հայաստանի ղեկավարը:

Մինչ այդ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս խոսել էր Հայաստանի շուրջ բարենպաստ տարածաշրջանային մթնոլորտ ստեղծելու մասին։ Վարչապետն ասել էր` եթե Հայաստանը թշնամության օբյեկտ ու սուբյեկտ է, ապա այն անխուսափելիորեն ազդեցություն է ունենում տարածաշրջանային բարեկամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա։

Թաթուլ Հակոբյանն անընդունելի է համարում Թուրքիայից եկող հայտարարությունները դրական համարելը. «Հայտնաբերել, որ Թուրքիայի կողմից գալիս են դրական ազդակներ և այլն, դա իմ կարծիքով` անընդունելի է, և ես համարում եմ, որ կա՛մ քաղաքական պետական գործիչները հատուկ են այդպես անում` ցույց տալու, թե ինչպես է Թուրքիան փոխել իր վերաբերմունքը, կա՛մ պարզապես չեն հասկանում, թե ինչ է նշանակում դիվանագիտություն»:

Միևնույն ժամանակ Հակոբյանն ասում է` պետք չի քննարկել հարցը՝ Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ, թե ոչ, պետք է քնարկել այլ բան՝ եթե հիմա չհաստատի հարաբերություններ, հնարավո՞ր է երկու տարի հետո հայկական կողմի համար այդ առումով ոչ բարենսպաստ պայմաններ ստեղծվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG