Մատչելիության հղումներ

Երևանում վերջին հրաժեշտը տվեցին անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին


Լուսանկարը՝ Կոմպոզիտորների միության էջից
Լուսանկարը՝ Կոմպոզիտորների միության էջից

Այսօր հայ հասարակությունը Արամ Խաչատրյան համերգասրահում վերջին հրաժեշտը տվեց անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին:

Նա վախճանվեց երկու օր առաջ 97 տարեկան հասակում՝ թողնելով մեր ժողովրդի կողմից անչափ սիրված ստեղծագործություններ, որոնցից շատերը մշտապես իբրև ժողովրդական երգեր են ընկալվել և քչերը գիտեին, օրինակ, որ հենց Վլադիլեն Բալյանն է դրանց հեղինակը: Լավագույն օրինակը «Սերս գաղտնի թող մնա» երգն է, որը տասնամյակներ շարունակ հնչում և ընկալվում է իբրև ժողովրդական երգ:

Վլադիլեն Բալյանը ոչ միայն բազմաժանր, վաստակաշատ և շատ սիրված կոմպոզիտոր էր, այլև իրոք շատ մեծ դեր է խաղացել տարբեր երաժշտական հաստատությունների ստեղծման ու զարգացման գործում: Օրինակ՝ 1966 թվականին հենց իր շնորհիվ է հիմնադրվել Երևանում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կամ ինչպես այսօր շեշտում էր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը՝ հենց նրա ջանքերով է պահպանվել Առնո Բաբաջանյան համերգասրահի շենքը:

«Վալդիլեն Բալյանը զարմանալի հրաշալի մարդ էր՝ իր բոլոր արտահայտություններում՝ որպես ամուսին, որպես հայր, որպես պապիկ, որպես քաղաքացի, որպես մտավորական: Զարմացնում էր նրա մտավորականի կեցվածքը, պետական մտածողությունը, երբ որ նա փրկում էր ոչնչացումից մեր հրաշալի շենքը», - ասաց Սարյանը:

Անվանի երաժշտագետ Արմեն Բուդաղյանն էլ նշեց. «Վլադիլեն Բալյանն իր կենդանության օրոք դարձել է լեգենդ, նա նաև երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է, որոնց մի մասը ժողովրդական երգի կարգավիճակով ընդունվեցին ժողովրդի կողմից և երգվում են, նրա երգերից մեկը դարձավ Գյումրի քաղաքի հիմնը»:

«Հրաշալի կոմպոզիտոր, որի երգերից ժողովրդական ուղղվածությամբ երգերն իսկապես ժողովրդական են դարձել, սիրված, պոպուլյար», - ասաց երգչուհի Աննա Մայիլյանը:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ շեշտեց. «Նա մեր ամենատարեց կոմպոզիտորն էր, և մի սերունդ իրենով ավարտվեց: Ինքը ապրեց լի կյանքով, դա շատ կարևոր է, ինքը գործիչ էր»:

«Ինձ համար Վլադիլեն Բալյանը մի դարաշրջան էր ոչ թե տարիքի իմաստով, այլ իր ապրած կյանքով՝ բովանդակության իմաստով, բայց ցավում եմ, որ նման մեծ մարդկանց մեզ մոտ մի քիչ այլ կերպ են ընկալում, մեզ մոտ պետք է արտաքուստ փայլփլուն մի բան լինի, որ երկրպագեն», - նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր-ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի խոսքով էլ՝ Վլադիլեն Բալյանն իր ողջ երկրային կյանքում ապրել է որպես իսկական արվեստագետ և մտավորական. «Երջանիկ մարդ էր և մենք ենք երջանիկ, որ իր ժամանակակիցներն ենք եղել: իր կյանքով, իր կեցվածքով նաև ազնվական էր: Ես համոզված եմ, որ շատ երկար կհարատևի Վլադիլեն Բալյանը որպես կոմպոզիտոր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG