Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները մտահոգված են՝ զինված ուժերում չեն դադարում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը


Ութ ամսում մահվան 44 դեպք բանակում, 9-ը՝ ադրբեջանական կրակոցից. բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները մտահոգված են՝ զինված ուժերում չեն դադարում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը, կարծում են՝ պատճառը հիմնականում անպատժելիությունն է։

«Ցավալի է, որ մենք անգամ պատերազմից հետո, այսքան կորուստներից հետո շարունակում ենք հարաբերական խաղաղ պայմաններում, այս անհասկանալի պայմաններում նոր զոհեր ունենալ: Անկեղծ ասած, այս համակարգով, այս չփոփոխված, չբարեփոխած համակարգով առայժմ որևէ դրական արդյունք ես չեմ սպասում», - ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Իրավապաշտպանն այսօր Գյումրիում կազմակերպված քննարկմանը պնդեց՝ նրանք, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն, շարունակում են աշխատել, ավելի բարձր պաշտոն են ստացել, ուսադիրների աստղերն էլ ավելացրել։

«Հիմնական պատճառներից մեկը ասել եմ, ասում եմ ու ասելու եմ՝ անպատժելիությունն է: Երբ նախորդ տարիներին, նախորդ տասնամյակներին անգամ տեղի ունեցած սպանություններով որևէ պատշաճ քննություն և որևէ պատասխանատվության ենթարկված անձ, ըստ էության, մենք չունենք, սա շատ կանխատեսելի իրավիճակ է», - նշեց Կարապետյանցը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բանակում անպատժելիության օրինակ բերեց, երբ նախորդ ամիս 3 օրվա տարբերությամբ նույն զորամասում 2 զինծառայողի մահվան դեպք է արձանագվել: Զորամասի հրամանատարի հետ զրույցը պարզապես ապշեցրել է իրավապաշտպանին:

«Մեզ հաջողվել էր խոսել զորամասի հրամանատարի հետ, այս հուլիսի 26-ին եղած Սուրեն Գրիգորյանի դեպքը, որ որակվել է ինքնասպանություն, դրանից երեք օր հետո նույն զորամասում ևս մեկ ինքնասպանություն են որակել, երեք օրվա տարբերությամբ, երեք օրում երեք մահվան դեպք և երկուսն էլ ինքնասպանություն: Մենք խոսել ենք հեռախոսով, մեր թղթակիցը խոսել է հրամանատարի հետ զորամասի, որին չեն անհանգստացնում այդ մահվան դեպքերը, ինքը այդպես է խոսում: Ինքը ասում է՝ հենց այդպես էլ կա, իրենք ինքնասպան են եղել, ինքը նույնիսկ ավելին է քան քննչական մամինը», - պատմեց Ալեքսանյանը:

Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ այդ երկու զինածառայողները 44-օրյա պատերազմի մասնակից են եղել: Պատերազմ տեսածը ինչո՞ւ պետք է ինքնասպան լիներ հարցնում է իրավապաշտպանը ու պատասխանում՝ պետությունը ըստ արժանվույն չի գնահատում իր զինվորին։

«Աղետալի անտարբեր և անմարդկային վերաբերմունք է զինվորների նկատմամբ, որոնց կենացները վերացական խմում են բոլորը, հատկապես իշխանավորները: Սարգիս Գրիգորյանի հայրը մեզ ասաց, որ նա իր տղայի կողքին է եղել պատերազմում, իրար կողքի են կռվել, հայրն էլ է գնացել, տղան ժամկետային զինծառայող էր, և ասում է՝ «իմ տղան երբեք չի նահանջել»: Ինքը տեսնում էր իր տղայի քաջությունը, ինչո՞ւ պետք է այդ տղաները անցնեին այդ ահավոր պատերազմն ու գային ինքնասպան լինեին, ինչի՞ համար: Որևէ մեկը զուտ հոգեբանորեն չի կարող անցնել, և մարդը պնդանում է այդպիսի դժվարություններից, և չունեն ոչ մի պատճառաբանություն, թե ինչո՞ւ պետք է իրենք ինքնասպան լինեին՝ ինքնասպան են ու վերջ», - ասաց Ալեքսանյանը:

Իրավապաշտպանները զինվորների մահվան դեպքերը իրավապահների կողմից միանգամից ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու որակավորումներն անընդունելի են համարում: Ժաննա Ալեքսանյանը հիշեց մի դեպք, երբ դատարանում ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ինքնասպանություն չէ, այլ սպանություն է, սակայն դատարանը ինքնասպանության վարկածն է հաստատել:

«Անհերքելի ապացույցներ, բայց միևնույն է դատարանին դատախազությունը այնպես է ճնշում, որ դատավորը ասել էր, որ «ես չեմ կարող գնալ դրան», ու մտածում էինք ոնց պետք է ձևակերպեն այդ ձեռք բերված ապացույցները: Այդ վկաների, այդ տղաների նկատմամբ քրեական գործեր հրուցեցին սուտ մատնության համար», - ներկայացրեց իրավապաշտպանը:

Տասնամյակներ շարունակ բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպաններից ոչ մեկը չհիշեց գեթ մեկ դեպք, երբ զինվորի ինքնասպանությունը վերաորակվի սպանության: Այդուհանդերձ, Նինա Կարապետյանցի կարծիքով՝ բանակում տիրող բարձիթողի վիճակը կարելի է շտկել:

«Սա կանխելն էլ է շատ հեշտ՝ ամեն մեկը պետք է իր պարտականությունը կատարի, ամեն մեկի վրա դրված պարտականությունը պետք է կատարվի՝ սկսած զորամասի ղեկավարությունից վաշտի հրամանատարով վերջացրած: Եվ մնացած բոլոր կոնկրետ քրեական գործերով, եթե դեպք է տեղի է ունեցել, ուրեմն քննիչից, դատախազից, դատավորից սկսած բոլորը պետք է սրտացավությամբ վերաբերվեն, որովհետև էլի կասեմ՝ սա մի դեպք չի, սա երկու դեպք չի, սա պետք է կանխել, որպեսզի այս դեպքերը լինեն նվազագույն, լավագույն տարբերակով չլինեն, բայց դա գրեթե բացառված է, որովհետև աշխարհի լավագույն բանակներում, ամենակազմակերպված երկրների բանակներում միևնույն է կան այսպիսի դեպքեր, այնուամենայնիվ, լինի նվազագույն թիվը», - ասաց Կարապետյանցը:

Բանակում, ըստ պաշտոնական վարկածի, ոչ մարտական պայմաններում մահվան վերջին դեպքերը գրանցվել էին 2 շաբաթ առաջ։ Սյունիքի մարտական հենակետերից մեկում երեք զինծառայող էր սպանվել, ձերբակալվել էին դիրքի ավագն ու զինվորների համածառայակիցը։

XS
SM
MD
LG