Մատչելիության հղումներ

«Իմ հայ երեխաները». գերմանացի լրագրող Լոիզ Ֆիշեր-Ռուգեն Գյումրիում մասնակցեց գրքի շնորհանդեսին


33 տարի անց Գյումրիում հանդիպում են գերմանացի հեղինակն ու նրա գրքի հերոսները։ Լոիզ Ֆիշեր-Ռուգեն 88-ի երկրաշարժից տուժած ու Մոսկվայի հանրապետական մանկական կլինիկայում բուժում ստացած երեխաների մասին «Իմ հայ երեխաները» գիրքը դեռ 89-ին էր հրատարակել։ Հայերեն այն միայն վերջերս է թարգմանվել։ Գերմանացի լրագրողը Գյումրիում մասնակցեց դրա շնորհանդեսին։

80-ամյա Լոիզ ֆիշեր-Ռուգեն հիմա էլ հուզվում է 33 տարի առաջ տեղի ունեցած աղետից տուժած երեխաների մասին խոսելիս. «Ես նրանց չեմ ընտրել: Ամեն օր հիվանդանոցում էի և ամենադժվար պահերին նրանց կողքին էի: Ես սիմվոլիկ ֆիգուր եմ նրանց օգնելու հարցում: Դա մի այնպիսի ժամանակ էր... չեմ մոռանում, երբ առաջին անգամ ձեր երկրի սահմանները բացվել էին, և մենք արեցինք ամեն ինչ օգնելու համար»:

Չարաբաստիկ երկրաշարժի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած ու Մոսկվայում երկարատև բուժում ստացած գրքի հերոսներից շատերը տեղյակ էլ չեն եղել, որ իրենց մասին գիրք է գրվել։ Գերմաներեն գրքի կազմի վրա երկրաշարժի փլատակների տակ մնացած երեխաներից վեցն են, որոնցից հինգը ներկա էին շնորհանդեսին։ Արկադի Մանուկյանը մինչև վերջերս չգիտեր, որ գրքի կազմին նաև իր նկարն է։

«Էս ես եմ՝ Արկադի, Աննա, նորից Աննա, Արմենն է բժիշկ, որը ներկա է, սա էլ Ազգուշն է, սա էլ Ազնիվն է», - ներկայացրեց Մանուկյանը:

«Ազատության» հարցին՝ մեկը մյուսի հետ կապ ունե՞ն, Արկադի Մանուկյանը պատասխանեց. «Գյումրեցիների հետ միշտ կապս պահպանել եմ, բայց մյուսների հետ էսօր նոր տեսնվել եմ՝ 32-33 տարի հետ: Ճիշտն ասած ես տեղյակ չեմ եղել, հետո եմ տեսել, որ գրքի մեջ կամ, ուղղակի բոլորս, որ եղել ենք այդ հիվանդանոցում, բոլորս կանք այդ գրքի մեջ, իսկ գրքի կազմի վրա, ես երևի մեկ ամիս առաջ եմ տեսել»:

Արմեն Խաչատրյանը Գյումրիի թիվ 2 դպրոցի փլատակների տակ էր մնացել: 14-ամյա պատանին ծանր վնասվածքներով նախ տեղափոխվել էր Երևան, ապա Մոսկվա, որտեղ մեկ տարի բուժվել է։ Այդ ընթացքում գերմանացի գրողը հայաստանցի երեխաների կողքին է եղել ու գրի առել նրանց հետ տեղի ունեցածը։

«Ինքը մեր տան անդամն էր, ինքը մեզ համար հարազատ մարդ, ինքը մեզ համար մեր հետ առօրյան անցկացնող մարդկանցից էր: Ես մի գաղտնիք էլ ասեմ՝ էն ժամանակ, երբ գունավոր նկարները դեռ չկային, ինքը բոլորիս հետ անքանակ նկարներ ուներ և ոչ միայն ինքը, այլ տարբեր իրադարձությունների ժամանակ նկարված և այդ բոլոր նկարները պետք է տեղադրվեին գրքում, ուղղակի խմբագիրները կարդալով գիրքը որոշել են, որ որևէ նկար չդնեն գրքի մեջ, որովհետև շատ հուզիչ գիրք է, դրա համար ոչ մի նկար չկա այդ գրքում», - ասաց բժիշկ Խաչատրյանը:

Խաչատրյանը, որն այժմ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրենն է, անկեղծանում է՝ գրքի գերմաներեն տարբերակն ուներ՝ անձամբ հեղինակի մակագրությամբ, բայց թե ինչ էր գրված, չգիտեր. «Գերմաներենով ունեմ հեղինակից նվիրված, բայց իրականում չգիտեմ՝ գրքի մեջ ինչ է գրված: Գիտեմ, որ մի գլուխը նվիրված է ինձ, բայց չգիտեմ՝ ինչ է գրված, անկեղծ չգիտեմ»:

Լոիզ ֆիշեր-Ռուգեն իր գրքի այն ժամանակ փոքրիկ, հիմա արդեն 40-ն անց հերոսների հետ հանդիպմանը հուզված էր և դա չէր էլ թաքցնում. «Դա մի այնպիսի երջանկություն է, որ հնարավոր չէ պատկերացնել, որովհետև գիտեմ նրանք առողջ են, իրենց ընտանիքներն ունեն, նրանք էլ են ծնողներ, դա հրաշալի է: Դժվարանում եմ այդ բառը գտնել, որ փոխանցեմ, դա ուրախություն է: Եվ ես ասում եմ՝ նրանք իմ հայ երեխաներն են»:

Գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել «Դարկ» հրատարակչությունում: Բացի երեխաների բուժման սրտառուչ պատմություններից, Լոիզ ֆիշեր-Ռուգեն ներկայացրել է նաև խորհրդային տարիների նիստ ու կացը, հայերի սովորույթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG