Մատչելիության հղումներ

Օդանավում ծնված աղջկան անվանել են ի պատիվ ինքնաթիռի, որով ընտանիքը հեռացել է Աֆղանստանից


 McDonnell Douglas/Boeing C-17 տեսակի ամերիկյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որով մարդկանց տարհանում են Քաբուլից
McDonnell Douglas/Boeing C-17 տեսակի ամերիկյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որով մարդկանց տարհանում են Քաբուլից

Աֆղանուհի նորածին աղջկան անվանել են Ռիչ (Reach) ի պատիվ օդանավի, որով ծննդկանը փախուստի է դիմել Քաբուլից:

Մեծ թվով աֆղանստանցիներ, նրանց թվում` հղի կինը, օգոստոսի 21-ին այդ ինքնաթիռով են հեռացել հայրենիքից:

Եվրոպայում ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Թոդ Ուոլթերսը երեկ ճեպազրույցում ասել է, որ կնոջ մոտ երկունքի ցավերը սկսվել են օդում, այն բանից հետո, երբ ինքնաթիռը Քաթարից ուղևորություն է վերցրել դեպի Գերմանիա՝ Ռամշտայնի ամերիկյան օդային ռազմակայան:

Ծննդկանի վիճակը բարելավվել է, երբ հրամանատարը իջեցրել է բարձրությունը, ինչը թույլ է տվել ինքնաթիռում բարձրացնել օդի ճնշումը: Զինվորական բժիշկներն օգնել են ծննդկանին, և նա հենց օդանավում աղջիկ է լույս աշխարհ բերել:

Մորը և նորածնին վայրէջքից հետո փոխադրել են հիվանդանոց: Ռիչը և իր ծնողները Ռամշտայնից պետք է հետագայում մեկնեն Միացյալ Նահանգներ:

Գեներալ Ուոլթերսի փոխանցմամբ, Reach 828-ը բեռնատար օդանավի կոդային անունն է, որով նա կապ է հաստատում թռիչքների կառավարման կենտրոնների հետ: ԱՄՆ զինուժի ցանկացած օդանավ իր կոդային անունն ունի:

Աղջկա ծնողները նորածնին Ռիչ են անվանել` այդպես շնորհակալություն հայտնելով ընտանիքը Քաբուլից դուրս փոխադրած օդանավին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG