Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ՏՏ ոլորտի լիդերների հետ քննարկել է կիբերանվտանգության հարցերը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին Սպիտակ տանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաներյի ոլորտում աշխատող ամերիկյան խոշորագույն ընկերությունների՝ Apple-ի, Google-ի, Alphabet-ի, Amazon-ի, Microsoft-ի և IBM-ի ղեկավարների հետ:

Հանդիպման օրակարգում կիբերանվտանգության հարցն է եղել: ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունները խոստացել են միլիարդավոր գումարներ ներդնել՝ անվտանգությունը հզորացնելու համար:

Բայդենի վարչակազմից հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը, առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն, էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության ծառայության տնօրեն Ջեն Իսթերլին և այլ պաշտոնյաներ:

Վերջին տարիներին ամերիկյան մի շարք պետական, քաղաքական և մասնավոր կառույցներ ենթարկվել են հաքերային հարձակումների, որոնց մեծ մասը նախաձեռնել են Ռուսաստանի հատուկ ծառայություհնների հետ առնչություն ունեցող ցանցահենների խմբերը:

Գրոհների հետևանքով հազարավոր ամերիկյան հիմնարկների աշխատանքը որոշ ժամանակով խափանվել է:

«Այդ ամենը կանխելու համար մեծ աշխատանք է պետք»,- ասել է Բայդենը ՏՏ ոլորտի լիդերներին: Սպիտակ տունը պահանջում է հաքերային հարձակումներից պաշտպանել առանցքային նշանակության ենթակառուցվածքը:

«Միայն կառավարությունը դա անել չի կարող, ես ձեզ հրավիրել եմ, որովհետև դուք ունեք այդ կարողությունը և պատասխանատվությունը, ես համոզված եմ, որ անհրաժեշտ է բարձրացնել կիբերանվտանգության մակարդակը»,- ասել է նախագահը:

Microsoft-ը խոստացել է կիբերանվտանգության զարգացման ծրագրին տրամադրել 20 միլիարդ դոլար, Google-ը՝ 10 միլիարդ է խոստացել, Amazon-ը հայտնել է, որ կիբերանվտանգության անվճար դասընթացներ կապահովի շարքային օգտատերերի համար և հատուկ պաշտպանական ծրագրեր կտրամադրի տեղեկությունների հեռավար շտեմարանների պաշտպանության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG