Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է համաներել զինծառայության կարգի դեմ քրեական գործերով անցնող 44-օրյա պատերազմի մասնակիցներին 


Կառավարությունը մտադիր է համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երկու օր է շրջանառվում է Քննչական կոմիտեի առաջարկած Համաներման մասին օրենքի նախագիծը։

Կոմիտեն իր առաջարկի նպատակ է ներկայացնում պատերազմի օրերին Հայաստանի զինված ուժերի կողքին կանգնած քաղաքացիներին գնահատելը և ընդգծում՝ «սրանով ցուցաբերվում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»։

Թեև վիճակագրություն չի նշվում ու հայտնի չէ, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվի համաներումը, բայց նախագծում նշվում է, որ կհամաներվեն ինչպես մինչև պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ՝ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչև մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները։

Թեև նախագիծը մեծ ուշադրություն դեռ չի գրավել, բայց համաներման գաղափարն առհասարակ դրական է գնահատվում։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ կալանավայրերը պետք է բեռնաթափել։

«Կալանավայրերը չեն և պատիժը չի, որ մարդկանց շտկում են, սոցիալական վիճակն է մարդուն փոխում ավելի շատ, իսկ ինչ վերաբերում է էս դեպքին, քանի որ դա առնչվում է պատերազմին՝ պատերազմի մասնակիցներին է վերաբերվում, առավել ևս շատ ավելի ողջունելի է։ Ես չգիտեմ ինչ տեսք կստանա էդ նախագիծը, որը կդառնա նախագիծ այնուհետև օրենք, չգիտեմ, բայց եթե դա լինի մոտավորապես էն, ինչ ես պատկերացնում եմ, որի հիմքով մարդիկ կարող են, այո՛, կա՛մ ազատ արձակվել, կա՛մ նվազեցնել պատիժը, դա ողջունելի է», - ասաց Հարությունյանը։

Իրավապաշտպանը հիշեցնում է վերջին համաներումը 2018 թվականին, որը հայտարարվեց Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ։ Գլխավոր դատախազության տվյալներով, այն ժամանակ համաներվեց ավելի քան 4 հազար 600 մարդ։

«Ցանկացած համաներում, ցանկացած ներում, դա հաշտություն է՝ լայն իմաստով, երբ որ կլինի արդեն օրենքը, կամ կքննարկվի արդեն այն, այդ ժամանակ կարելի կլինի արդեն ավելի առարկայական խոսել», - ասաց Հարությունյանը։

Զինվորական գործերով մասնագիտացված փաստաբան Նորայր Նորիկյանը ևս այն կարծիքին է, որ անհրաժեշտ էր մեծացնել համաներվողների շրջանակը, հակառակ դեպքում այս խտրական մոտեցումը իր հետ խնդիրներ կբերի։

«Այո՛, խտրական մոտեցումն ակնհայտ է, երկրորդը՝ կարող է քաղաքական շահարկումների տեղիք տալ, որ համաներվում են մարտական գործողություններից հրաժարվող, կա՛մ պատերազմի ընթացքում հրաման չկատարող, մարտական դիրքը լքող, կա՛մ տարբեր բնույթի, որովհետև, եթե Դուք ուսումնասիրեք զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների բնույթը և այն բոլոր հոդվածները, որոնց վրա կարող է տարածվել համաներումը, այդպիսի ընկալում կարող է ձևավորվել։ Կստացվի հետևյալը, որ մարդկանց մոտ կարող է տպավորություն ձևավորվել, որ իրենք վարժական հավաքներից, ռազմական դրության ժամանակ ծանուցագիր ստանալուց և զորակոչվելուց, հրամանը չկատարելու պայմաններում կարող է պետությունը նրանց նկատմամբ այսպիսի մարդասիրական վարքագիծ դրսևորի», - ասաց փաստաբանը։

Նորիկյանն ուշադրություն է դարձնում նախագծի այն հատվածին, որը տարածվում է պատերազմից հետո դատապարտվածներին։ Ենթադրվում է, որ այն կարող է վերաբերել 44-օրյա պատերազմի ժամանակ հանցագործություն գործածներին։

«Եթե պատերազմի ժամանակ, այն մարդիկ, որոնք կատարել են հանցագործություն, որը Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով դասվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների շարքին, նրանց նկատմամբ այս համատեքստում համաներումը կիրառվելու է՝ տարածվելու է, եթե դատապարտվել են, բայց քիչ հավանական է, որ այդ դատապարտված անձանց շրջանակ մենք ունենանք», - ասաց Նորիկյանը։

44-օրյա պատերազմի վերաբերյալ դատախազությունում ավելի քան1600 գործ է հարուցվել։ Այս գործերն առնչվում են թե՛ ադրբեջացիներին, թե՛ Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներին։

Համաներման օրենքի նախագիծը համացանցում գնահատել են դեռևս 2 օգտատեր, մեկը՝ դրական, մյուսը բացասական։ Այն հանրային քննարկման է դրվել մինչև սեպտեմբերի 7-ը։ Դրանից հետո, ենթադրվում է, կուղարկվի խորհրդարան՝ քննարկման և ընդունման։

XS
SM
MD
LG