Մատչելիության հղումներ

Լրագրողներն օթյակում ակցիա իրականացրին ԱԺ սահմանափակումների դեմ` փորձելով գրավել Փաշինյանի ուշադրությունը


Ազգային ժողովում լրագրողների աշխատանքային օրն այսօր բողոքի ակցիայով սկսվեց: Լրագրողները դժգոհում են խորհրդարանում մտցված սահմանափակումներից, դրանց հեղինակը իշխող ուժի ներկայացուցիչներն են։

Մինչ վարչապետը ներկայացնում էր կառավարության հնգամյա ծրագիրը, լրագրողները հավաքվեցին իրենց համար նախատեսված օթյակում՝ պարզելով տարբեր գրություններով պաստառներ, դրանցից մեկում` օրինակ «Մամուլն այսքան անազատ չի եղել, որքան Նիկոլի օրոք»։ Մի քանի անգամ նրանց տարածքից փորձեցին հեռացնել Պետական պահպանության ծառայության աշխատակիցները։

«Հիմա մենք փորձում ենք գրավել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը, որպեսզի ինքը գա և մեր հարցերին պատասխանի` ինչո՞ւ են մեզ խորհրդարանից դուրս հանում: Սա մեր աշխատավայրն է, ու մեզ չեք կարող այստեղից հանել: Մենք որևէ վատ բան չենք գրել մեր ակցիայի թղթիկների վրա, ընդամենը մենք ուզում ենք, որ Փաշինյանը մեր հարցերին պատասխանի», - պարզաբանեց լրագրողը:

Լրագրողները հայտարարում են՝ վերջին փոփոխությունների պատճառով խաթարվել է իրենց աշխատանքը: Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը կարծում է, որ սահմանափակումների պատճառով հանրությունը սահմանափակ տեղեկատվություն է ստանալու. «Այս քայլը ես կարծում եմ, որ ուղղված է նաև հանրությանը, որովհետև հանրությունն է ստանալու սահմանափակում, սահմանափակված տեղեկատվություն»:

Լրագրողները հորդորեցին չքաղաքականացնել ակցիան, հայտարարում են՝ իրենք բացառապես իրենց իրավունքների համար են պայքարում։

«Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն արդյունք չի տվել, որովհետև բոլոր սլաքները և վեկտորներն ուղղվում են կոնկրետ մեկ մարդու: Մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հանձնարարությամբ կամ հորդորով են այս սահմանափակումները մտցվել մեր նկատմամբ, և մենք հիմա փորձում ենք գրավել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը», - ասում է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը:

PARA TV-ի լրագրող Տիրուհի Բայբորդյանն էլ հավելում է. «Քանի որ Նիկոլ Փաշինյանը մեր նախկին գործընկերն է և շատ լավ հասկանում է` լրագրողի աշխատանքն ինչպես պետք է կառուցվի, հենց դրա համար էլ մենք այսօր որոշել ենք այս ակցիան իրագործել»:

Նոր սահմանափակումներին լրագրողները բախվեցին մինչև պաշտոնական որոշման ընդունումը, երբ եկել էին լուսաբանելու 8-րդ գումարման խորհրդարանի ձևավորման նստաշրջանը։ Խորհրդարանում լրագրողների աշխատանքը թույլատրվում է միայն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Իսկ պատգամավորների աշխատասենյակներին հասնել լրագրողները չեն կարող, եթե չունեն պատգամավորի համաձայնությունը:

Լրագրողներն այսօր այդպես էլ չկարողացան իրենց բողոքը հասցնել վարչապետին, տեսնել նրան։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին պատասխանելով, անդրադարձավ խորհրդարանում մտցված նոր փոփոխություններին։

«Ես ուզում եմ Ձեզ փոխանցել լրագրողների դժգոհությունը, ովքեր այսօր Ազգային ժողովում` օթյակում, բողոքի ձայն էին բարձրացնում` փորձելով Ձեր ուշադրությունը հրավիրել` որպես նախկին լրագրողի, որովհետև և՛ ես, և՛ Դուք, և՛ այստեղ դահլիճում շատ լրագրողներ եղել են, ովքեր խորհրդարանում աշխատել են, լուսաբանել են Ազգային ժողովի աշխատանքները և երբեք այսպիսի սահմանափակումների չեն ենթարկվել, այսպիսի տարբերակված մոտեցում չի եղել լրագրողների նկատմամբ, որ օրինակ` արգելվի իշխանական խմբակցության մոտով անցնել: Ես կուզենայի Ձեր վերաբերմունքն, ու նաև լրագրողներին ի՞նչ պատասխան ունեք այս մասով որպես իրենց բողոքի ձայնին ի պատասխան», - հարցրեց Թովմասյանը:

«Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման հետ կապված մենք կոնկրետ առաջարկ ունենք. մենք կարծում ենք, որ պետք է օրենսդրական փոփոխություն առաջարկենք, որով սահմանենք ինստիտուտ, երբ լրագրողներն իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ կմշակեն, և իրենք կհետևեն այդ կանոնների ներկայացմանը, բայց մենք նաև աննախադեպ շատ իրավիճակներ ունենք, և հենց այսօր էլ Ազգային ժողովում շատ աննախադեպ իրավիճակներ ունենք», - արձագանքեց գործադիրի ղեկավարը` շարունակելով.

«Կառավարությունը ստիպված է, պետք է, պարտավոր է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ: Ես կառավարության մասով նկատի ունեմ, անդրադառնալ աննախադեպ քայլերով: Նաև մենք շատ կարևոր նախաձեռնություն ունենք. կարծում եմ` ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն, և հստակ լինի` որևէ լրագրող լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե քաղաքական որոշակի շրջանակի կամ ֆրակցիայի ներկայացուցիչ է»:

Իշխող ուժում որևէ տարօրինակ բան չեն տեսնում նոր սահմանափակումների մեջ։ Պնդում են՝ դրանք ընդամենը կանոնակարգում են լրագրողների աշխատանքը։





XS
SM
MD
LG