Մատչելիության հղումներ

«Թալիբան»-ի ղեկավարները քննարկում են կառավարության կազմի հարցը


Մուլլահգ Աբդուլ Ղանի Բարադարի վերադարձն Աֆղանստան, 17 օգոստոսի, 2021թ.

Աֆղանստանից ստացված հաղորդագրությունների համաձայն, «Թալիբան» շարժման առաջնորդները հավաքվել են երկրի մայրաքաղաք Քաբուլում, որտեղ քննարկում են ապագա կառավարության կազմի հարցը:

Փորձագետները նշում են, որ թալիբները ցանկանում են աշխարհին ներկայանալ որպես չափավոր ուժ, որը հաշվի է առնում հասարակության տարբեր շերտերի տեսակետները և չի փորձում արմատական խիստ քայլերի դիմել:

Թալիբների բարձրաստիճան ղեկավարներից մեկը, ով պահանջել է չնշել իր անունը, «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը փոխանցել է, որ «շարժման համահիմնադիր և քաղաքական թևի պատասխանատու Մուլլահ Աբդուլ Ղանի Բարադարը Քաբուլում հանդիպում է ջիհադի լիդերների և քաղաքական գործիչների հետ և քննարկում է տարբեր կողմերի ներգրավմամբ կառավարություն կազմելու հնարավորությունը»:

Reuters լրատվական գործակալությունն էլ հաղորդել է, որ «Բարադարը վերադարձել է Աֆղանստան զինյալ հրամանատարների միջև լիազորությունները բաժանելու, նախկին կառավարության անդամներին, տեղացի հրամանատարներին, քաղաքական գործիչներին և մահմեդական սպասավորներին հանդիպելու նպատակով»:

Անանուն աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ թալիբները պետք է ստեղծեն երկու առանձին հանձնախմբեր, որոնցից մեկը զբաղվելու է անվտանգության հարցերով, իսկ մյուսը՝ ֆինանսական ճգնաժամի կարգավորմամբ:

«Թալիբան»-ի լիդերները հանդիպելու են նաև Հաքքանիի հիմնադրած զինված շարժման ներկայացուցիչների հետ: Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ Հաքքանիի շարժումը պաշտոնապես ճանաչում են որպես ահաբեկչական կառույց:

Թալիբներն այսօր հայտարարել են, որ իրենց է միացել երկրից փախուստի դիմած նախագահ Աշրաֆ Ղանիի հարազատ եղբայրը՝ Հաշմատ Ղանին:

XS
SM
MD
LG