Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը հետ չի քաշել դիրքերը Շուշիի շրջանի Եղցահողի սահմաններից` ի տարբերություն հայկականի. համայնքապետ


Շուշիի շրջանը, արխիվ
Շուշիի շրջանը, արխիվ

Ադրբեջանական զորքերը դեռևս հետ չեն քաշել իրենց դիրքերը Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից, մինչդեռ հայկական կողմը, հետևելով երկկողմանի պայմանավորվածությանը, արդեն դուրս է բերել զինծառայողներին տարածքից։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը` ցավով ընդգծելով` հայկական կողմը նորից ստիպված էր առաջին քայլն անել, ու դեռ սպասում են։

«Ինձ թվում է, թե եթե պայմանավորվածությունը կա, կլինի, հստակ չեմ կարող ասել: Ճիշտ է` նրանց մեջ խաբեությունը մեծ դեր է տանում, բայց ամեն դեպքում իմ կարծիքով` պայմանավորվածությունը երկու կողմի մեջ էլ կա, և խաղաղապահներն էլ պետք է պաշտպանեն խաղաղությունը», - նշեց նա:

Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն գյուղերը 44-օրյա պատերազմից հետո մնացել են հայկական վերահսկողության տակ։ Եղցահողի համայնքապետ Հակոբյանի խոսքով՝ այս պահին ռուս խաղաղապահներն են գյուղում, տեղեկացրել են, սակայն, որ գիշերային հերթապահություն չի լինելու, միայն ցերեկային պարեկային հսկողություն են անելու։ Գյուղապետը, սակայն, տարակուսում է՝ ռուս խաղաղապահներն այսօր կարող են գալ, վաղը չգալ, իսկ հակառակորդը ցանկացած պահի կարող է առաջ գալ։

«Կոնկրետ ռուս խաղաղապահների կողմից ասվել է, որ մշտական չի լինելու, բայց մենք խնդրել ենք մեր վերադասին և իրենց անմիջապես մշտական կազմակերպելու համար: Քննարկման մեջ է, պատասխանի ենք սպասում», - հայտնեց Հակոբյանը:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն էլ մտահգոված էր: «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նոր էր գալիս Եղցահողից՝ լավ լուր չուներ. «Դե ո՞նց պիտի լինի, պիտի կռվենք էլի, ի՞նչ պիտի լինի: Կա՛մ պիտի կոտորեն, կա՛մ պիտի կռվենք, այսինքն` այսօրվա դրությամբ Եղցահողի սահմանամերձը ստացվում է, որ մենակ ռուսն է գալիս, մեկ-մեկ նայում, գնում, այսինքն` հերթապահ մեքենան գալիս է, շրջում, գնում: Մշտական մնացող այնտեղ մարդ չկա այսօրվա դրությամբ: Օրական բան է փոխվում, չգիտեմ` ով է պայմանավորվել, ոնց»:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ևս պնդում է՝ անվտանգության հարցերը պետք է արագ լուծվեն. հայկական զորքերի դուրսբերումից հետո այստեղ ընդամենը Ռուսաստանի դրոշներն են տեղադրված, ինչը ենթադրում է, որ տվյալ տարածքների անվտանգության պատասխանատուն ռուսներն են. «Բայց այստեղ կոնկրետ խնդիրը դեռևս առկա է, և ադրբեջանական դիրքերը պետք է անպայման հեռացվեն:

Փաստորեն խաղաղ բնակավայրերի մոտ ադրբեջանական դիրքեր են տեղակայված այն դեպքում, որ ադրբեջանական խաղաղ բնակավայրերի մոտ հայկական դիրքեր չկան: Ադրբեջանցիների առկայությունը մեր խաղաղ բնակավայրերի մոտ ինքնին թե՛ հոգեբանական և այլ առումներով խնդիր է առաջացնում այդ համայնքի բնակչության համար, առօրյա կյանքի տեսանկյունից, թե՛ օրինակ` գյուղատնտեսական աշխատանքների առումով և այլն»:

Եղցահողում այսօր ապրում է 145 մարդ. փաստացի 45 ընտանիք հիմա գտնվում է շփման գծից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա։ Անվտանգության լուրջ խնդիրներ են ստեղծվում գյուղի համար, ասում է գյուղապետն ու հավելում՝ բնակչության շրջանում, սակայն, խուճապ չկա. «Պատերազմի ժամանակ ընդհանրապես մեր գյուղից չեն տեղահանվել»:

Ե՛վ օմբուդսմենի, և՛ գյուղապետի խոսքով` Եղցահողում հիմա հանգիստ իրավիճակ է, կրակոցներ չեն հնչում։ Համեմատաբար հանգիստ վիճակ է նաև Հին Շենում ու Մեծ Շենում։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն, այդուհանդերձ, մտահոգված էր Հին Շենի իրավիճակով. «Հին Շենի խնդիրը երևի թե Արցախի տարածքում ամենահրատապներից է այն պատճառով, որ հարակից բլրի վրա հենց տեղակայված է ադրբեջանական հենակետ: Իհարկե, գյուղում ռուսական խաղաղապահներ են տեղակայված, նաև գյուղի մուտքի մոտ, բայց շատ ավելի ճիշտ ու հեշտ կլինի հարցը կարգավորել ուղղակի ադրբեջանական հենակետն այնտեղից հեռացնելով», - կարծում է Արցախի ՄԻ պաշտպանը:

«Լոխ լավ ենք»,- դառնացած հնչերանգով ասաց Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը մեզ հետ զրույցում՝ հասկացնել տալով՝ ինչպե՞ս կարող են ապրել, իր ձևակերպմամբ` «ադրբեջանցիների քթի տակ», ու մտածել իրենց որպիսիության մասին. «86-ից ավելի բնակիչ ունենք այս պահի դրությամբ: Լավ ա, լոխ լավ ա, էլ տեղ չունենք մեզ ապրելու: Թե հետագայում ոնց կլինի, կհարմարվենք էլի»:

Արցախի արտաքին գործերի նախարարությունից չեն պատասխանում հարցերին՝ ինչպես պետք է ապահովվի նշված գյուղերում ապրող մարդկանց անվտանգությունը, հորդորում են սպասել պատկան մարմինների արձագանքին։

Ուշագրավ է, որ մինչ Արցախից մտահոգիչ լուրեր են հայտնում, Հայաստանում բարձրաստիճան զինվորականը հերքել է դրանք։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը պնդել է, թե հայկական զորքերը հետ չեն քաշվել ոչ մի դիրքից. «Եղցահողի հատվածում նույնպես ես այդ տեղեկատվությունը չեմ հաստատում, որովհետև ինքը իրականությանը չի համապատասխանում, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կանգնած են այնտեղ, որտեղ կանգնած եղել են: Ոչ մի հետ քաշվելու տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG