Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի ուղերձում մասնավորապես ասված է.
«Անկասկած, գլոբալ և տարածաշրջանային զարգացումների արագ ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և երկու ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման նպատակով, ինչպես նաև ընդգծում բազմակողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ:
Համոզված եմ, որ նախորդ տարիների փոխադարձ և շարունակական ջանքերի շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորվել են բարեկամական, սերտ և բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների պատմական կապերի վրա, որոնք Ձեր պաշտոնավարման ժամկետում առավել կզարգանան և կխորանան:
Բրիտանիայի վարչապետը, իր հերթին, հայ պաշտոնակցին գրել է.
«Միացյալ Թագավորությունը խորապես գնահատում է մեր երկկողմ հարաբերությունները և կիսում է կայուն տնտեսությամբ ու ժողովրդավարությամբ ապագայի Ձեր տեսլականը Հայաստանի համար։ Վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին Հայաստանի՝ ամուր ժողովրդավարական հիմքեր կառուցելու հանձնառությունը։ Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն ընտրական դիտորդներ է ուղարկել՝ ամրապնդելու ընտրողների վստահությունը, և մենք հանձնառու ենք ընթացիկ գործնական աջակցություն տրամադրել բարեփոխումների Ձեր ծրագրին։
Միացյալ Թագավորությունն ակնկալում է համագործակցել Հայաստանի հետ՝ դիմակայելու համաշխարհային մարտահրավերներին, առաջին հերթին՝ Covid-19 համավարակի հաղթահարման և կլիմայական փոփոխության ոլորտներում։ Հույս ունեմ հյուրընկալել Ձեզ այս տարի նոյեմբերին Գլազգոյում կայանալիք COP26 համաժողովին։
Կցանկանայի վերահաստատել իմ լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո լիովին բանակցված, կայուն և խաղաղ կարգավորման օգտին։ 2020 թվականի հակամարտությունից հետո Միացյալ Թագավորությունն առաջին երկիրն էր, որ հումանիտար օգնություն տրամադրեց ԿԽՄԿ աշխատանքների միջոցով։ Մենք շարունակում ենք աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների վերականգնման ուղղությամբ»։