Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի «սադրիչ գործողությունները»


Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի «սադրիչ գործողությունները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն վտանգելու դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարելու տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը»:

Գերատեսչությունը մասնավորապես նշում է, որ օգոստոսի 16-ին ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի սահմանամերձ հատվածներում՝ Երասխ բնակավայրի, Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում և Գեղարքունիքի մարզի ուղղությամբ` թիրախավորելով սահմանամեձ համայնքների խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվող կրակոցները Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում շարունակվել են նաև այսօր:

Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած հրաձգության հետևանքով օգոստոսի 16-ին դիպուկահարի արձակած կրակոցից Երասխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Վահան Թաթոսյանը, իսկ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից՝ զինծառայող Արման Հակոբյանը: Օգոստոսի 17-ին հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

ԱԳՆ-ն հատկանշական է համարում, որ այս գործողությունները զուգորդվում են Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի դեմ ուժ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքների հետ:

Դրանք, ըստ ԱԳՆ-ի, նպատակաուղղված են խոչընդոտելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև վիժեցնելու տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացը և բոլոր հաղորդակցության միջոցների բացումը:

«Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր հայրենիքում ապրելու իրավունքը», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG