Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցին նշեց Աստվածածնի Վերափոխման տոնը, կատարվեց Խաղողօրհնեք


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնախմբեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, կատարվեց Խաղողօրհնեք:

Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Պատարագին, պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ եզնիկ սրբազանը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորապես ասել է. - «Երկու հազար տարի առաջ Աստվածամայրը մեզ չլքեց և չգնաց, այլ ապրում է մեր մեջ, ապրում է բոլոր մայրերի մեջ, և մենք անցյալով չենք խոսում Աստվածամոր մասին, որովհետև նա այսօր մեզ հետ է»:

Սրբազանը հայրը հատուկ անդրադարձ է կատարել որդեկորույս մայրերին՝ նրանց կրած ծանրագույն ցավերն ու վշտերը համեմատելով Աստվածամոր տառապանքների հետ․ - «Աստվածամոր նման բազմաթիվ մայրեր կան այսօր Հայաստանում, որոնք զավակներ կորցրեցին, որոնք ունեն այն նույն մայրական ցավը, ինչպիսին Աստվածամայրն ուներ, և որոնց համար Աստվածամայրն իբրև օրինակ կարող է լինել՝ դիմագրավելու այն ցավերին, որոնք այսօր ունեն իրենց հոգում և իրենց սրտում։ Այս մտածումներով մաղթենք, որ ամոքվեն վերքերը՝ հոգևոր վերքերը մեր բոլոր մայրերի, ովքեր որդեկորույս են այսօր, ամոքվեն վերքերն այն բոլոր կանանց, ովքեր իրենց ամուսիններին կորցրեցին և ամոքվեն վերքերն այն բոլոր երեխաների, ովքեր իրենց հայրերին կորցրեցին»։

Հավարտ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Խաղողօրհնեքի արարողությունը:

Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատավոր ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG