Մատչելիության հղումներ

Տուրիստական ընկերություններից տարեցտարի քաղաքացիներ են տուժում, գումարը չի վերադարձվում, որևէ մեկը չի պատժվում


Հերթական անգամ բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են, որ դարձել են տուրիստական ընկերության խաբեության զոհը։ «Դավինչի» տուրիստական կազմակերպությունից գնել են արտերկրում հանգստի ուղեգրեր, սակայն հետագայում պարզվել է, որ քաղաքացիների անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, նրանց անուններով ամրագրումներ չկան։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը իր հարազատների, ընկերների հետ ևս բախվել է այս տուրիստական ընկերության ստեղծած խնդրին. «Խոսքը վերաբերում է «Դավինչի թրավլ» տուրիստական կազմակերպությանը, որի տնօրենը՝ Գրիգոր Սարգսյանը աշխատակիցների հետ և, իմ ընկալմամբ, Աննա անունով աշխատակցի հետ համակատարմամբ, խարդախությամբ, քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով նրանցից հափշտակել է տարբեր չափերի գումար՝ ծովափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով: Խարդախության մեխանիզմը գործել է հետևյալ կերպ՝ տուրիստական փաթեթները առաջարկվել են շուկայականից շուրջ 30 տոկոս ավելի էժան գնով, ինչն ըստ էության որպես խայծ է օգտագործվել քաղաքացիների նկատմամբ: Գումարները քաղաքացիներից ստացվել են որպես կանոն առձեռն կամ փոխանցման իջոցով Գրիգոր Սարգսյանին և «Դավինչի» կազմակերպությանը պատկանող համատեղ բանկային քարտի վրա: Ըստ էության, իմ տպավորությամբ, որևէ քաղաքացու ՀԴՄ չի տրամադրվել»:

Այս ընկերությունից տուժած քաղաքացիներից ոմանք, օրինակ, հենց օդանավակայանում են տեղեկացել, որ իրենց տրված տոմսերը կեղծ են եղել, ոմանք մեկնել են արտերկիր և դրսում մնացել. Պարզվել է, որ տուրիստական կազմակերպությունը քաղաքացուց ստացած գումարը չի փոխանցել հյուրանոցին։

Օրինակ՝ Հովհաննես Ահարոնյանի որդին էլ կնոջ հետ մեկնել է Մալդիվներ, այնուհետև պետք է մեկնեին Դուբայ։ Բայց, պարզել են, որ տուրիստականը ոչ Դուբայի տոմսի գումարն է փոխանցել, ոչ էլ հյուրանոցի։ Ամուսինները ուղեգրի համար շուրջ 6 հազար դոլար էին վճարել:

Տուրիստական ընկերության հեռախոսահամարներն այսօր չէին պատասխանում, գրասենյակի դռները փակ էին։

Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրին՝ քաղաքացիներից հաղորդումներ են ստացել, այժմ նյութեր են նախապատրաստվում։

Այս պատմությունը, սակայն միակը չէ։ Վերջին տարիներին բազմաթիվ են նման դեպքերը: Որևէ մեկը, սակայն չի պատժվել, քաղաքացիների գումարները մինչ օրս չեն վերադարձվել։

«Փաստացի վերցրել ենք տոմսեր «Աննա Թրավել» կազմակերպությունից: Ո'չ տոմս էր դուրս գրված, ո'չ վիզաները կային, ոչինչ չկար: Մեզ պարզապես ֆոտոշոփ արած թղթեր էին տրվել Աննայի կողմից, որի դիմաց համապատասխան վճարը իհարկե իրականացվել էր արդեն օրիգինալ դրամներով», - ասաց Լուսինե Ազատյանը:

Ազատյանը «Ազատությանը» պատմում էր 2 տարի առաջվա դեպք։ Դուբայ մեկնելու փաթեթ էր գնել ու միայն մեկնելու նախորդ օրն իմացել, որ փաթեթը կեղծ է եղել։ Մինչ օրս վճարված գումարը չեն վերադարձրել, դատական գործընթացը շարունակվում է, տուրիստական ընկերության տնօրենն էլ ազատության մեջ է։

«Շատ հանգիստ ազատ արձակվեց դատարանից, և նա շարունակում է ապրել, աշխատել, անել այն, ինչ իր ցանկությունով է, չի կրում ոչ մի պատիժ, հետևաբար պետք է շարունակվեին նման խաբեությունները։ Եթե չի վերահսկվում, կառավարության և պետության հոգածության ներքո չի գտնվում այդ դաշտը, հետևաբար մարդիկ անում են այն, ինչ ցանկանում են, թեկուզ խաբեության միջոցով», - նշեց նա:

Նախորդ տարի էլ 100-ից ավելի քաղաքացիներ տուժեցին մեկ այլ՝ Beauty of Armenia տուրիստական ընկերությունից։ Հասմիկ Հարությունյանը, օրինակ, ընտանիքի հետ Հայաստանում հանգստանալու համար մոտ 400 հազար դրամ էր վճարել։ Տուրիստական ընկերության տնօրենը գումարը վերցրել և անհետացել է։

«Մեզ պետք է տային 395 հազար դրամ, դե պարզ է, որ չի վերադարձվել՝ նույնիսկ դիմելով համապատասխան մարմիններին՝ դատախազությանը, Քննչական կոմիտեին, ոչ մի բան չի շարժվել տեղից։ Կուզեմ լինեմ էն մարդը, որ գոնե ինչ-որ մի ձևով կհասցնի համապատասխան մարմիններ, եթե դրանք ուղղակի կան, որ չի կարելի մարդկանց էդպես խաբել ու անպատիժ մնալ», - ասաց Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG