Մատչելիության հղումներ

Խորհրդարանում ավարտվեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը


Նորընտիր խորհրդարանը մեկ շաբաթ տևած քննարկումներից հետո այսօր ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը։ Առաջադրված բոլոր թեկնածուները ընտրվեցին իրենց պաշտոններում։ Այսպիսով, 12 մշտական հանձնաժողովներից երեքը կնախագահեն ընդդիմադիրները, իսկ մյուս 9-ը՝ իշխանության ներկայացուցիչները։

Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ընտրվել է Անդրանիկ Քոչարյանը, Պետաիրավականում՝ Վլադիմիր Վարդանյանը, Տնտեսականում՝ ընդդիմադիր Վահե Հակոբյանը, Արտաքին հարաբերություններում՝ Էդուարդ Աղաջանյանը, Ֆինանսավարկայինում՝ Գևորգ Պապոյանը, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում՝ ընդդիմադիր Արմեն Գևորգյանը, Տարածքային կառավարմանում՝ Վահե Ղալումյանը, Գիտության և կրթության հանձնաժողովում՝ Սիսակ Գաբրիելյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում՝ Նարեկ Զեյնալյանը, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում՝ Թագուհի Թովմասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում՝ Հերիքնազ Տիգրանյանը, Եվրաինտեգրման հանձնաժողովում՝ Արման Եղոյանը։

Ընտրությունը կատարվել է փակ գաղտնի քվեարկությամբ։

«Քանի որ արդեն ձևավորվել են խմբակցությունները և ընտրվել են հանձնաժողովների նախագահները կարող ենք ձևավորել նաև Ազգային ժողովի խորհուրդը: Տեղեկացնեմ, որ Ազգային ժողովի խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՔՊ խմբակցությունը ներկայացրել էր Հայկ Կոնջորյանին, «Հայաստան» խմբակցությունը՝ Սեյրան Օհանյանին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Հայկ Մամիջանյանին: Հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը սպառելով ավարտվում են նաև առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը: Մեր օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը, որին կանդրադառնանք միայն նոր կազմավորված կառավարության կողմից գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո», - ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Այսօր քննարկված հացերի թվում էր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցը։ Սա ընդդիմադիրներին հատկացված երեք հանձնաժողովներից վերջինն էր։ «Հայաստան» խմբակցությունը այստեղ նախագահի թեկնածու է առաջադրել ընդդիմադիր մյուս խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Նրա կենսագրությունը ներկայացրեց նույն խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Թագուհի Թովմասյանին խնդրեց ուշադրության կենտրոնում պահել Սյունիքի մի շարք համայնքապետերի, իր բնորոշմամբ, ապօրինի կալանավորման հարցը, որոնցից երկուսը ԱԺ ընտրված պատգամավորներ են:

«Պատգամավորներ կան, ովքեր շատ մանրամասն կարդում են դատախազության կողմից ներկայացված հաղորդագրությունը, բայց ես ուզում եմ հավատալ, որ նրանք այնքան նայիվ չեն, որ կարդալով քրեական գործի նյութերը, կարծում են, որ այնտեղ կգտնեն նախադասություն, որտեղ գրված է, որ սա քաղաքական հետապնդում է», - նշեց Գրիգորյանը:

Ընտրվելուց հետո առաջին անելիքներից մեկը կալանավորված պատգամավորների այցելելն է լինելու հայտարարեց Թովմասյանն իր եզրափակիչ ելույթում. «Բոլորիս համար է նկատելի՝ Սյունիքի համայնքապետերը սկսեցին թիրախավորվել այն ժամանակ, երբ ընդդիմադիր կեցվածք դրսևորեցին և սատարեցին «Հայաստան» դաշինքին»:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում Արման Եղոյանին ընտրելու մասին հարցը քննարկելիս մի քանի հարց հնչեց Հայաստանին Եվրոպական Միության կողմից 2.6 միլիարդ եվրոյի աջակցության մասին։ Հաստատեց ընդդիմադիրների տեղեկությունները, որ աջակցության մի մասը վարկի տեսքով է լինելու. «Թե որ չափաբաժինը, մենք դա դեռ չգիտենք, դա մնում է բանակցություններին: Դա կարող է լինել՝ 50-50, մենք ունենք այդպիսի ծրագրեր, օրինակ, Մեղրիի մաքսակետի արդիականացման ծրագիրը 50-50 է, դա մնում է բանակցություններին, բայց, այո, մի մասը լինում է վարկ»:

Արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը, ասաց, տարեվեջին նախատեսված է Եվրոնեսթի գագաթնաժողովը, որտեղ էլ երկրների միջև բաշխվելու է 17 մլրդ եվրո և շեշետադրեց, որ խոսքը միայն ՀՀ-ի մասին չէ:

«Կա որոշում, որ համապատասխան երկրներին պետք է ֆինանսական օժանդակություն ցույց տան, եկեք նաև արձանագրենք, որ եթե ադրբեջանի մասին ենք ֆիքսում, ապա հարևան Վրաստանը անգամներ ավելի է ստանալու», - նշեց Գևորգյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեջբերեց Եղոյանի ելույթի այն հատվածը, երբ պատգամավորը տարածաշրջանային լարված իրավիճակից խոսելով ասել էր, որ կրակի վրա յուղ լցնելու կարիք չկա։ Ասաց՝ պատերազմից առաջ էլ իշխանության հռետորաբանությունը այդպիսին էր ու հետաքրքրվեց՝ «չնայած Ալիևի Սևանն ու Երևանը գրավելու հայտարարություններին, շարունակելո՞ւ եք ձեր այդ քաղաքականությունը»:

«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Ալիևը կիրթ է, Ալիևը կառուցողական է», - նշեց Խամոյանը:

«Կառուցողականը պահենք, որպես շահարկման թեմա կարող եք պահել, բայց կիրթը հանենք, որովհետև ընդհանրապես աշխարհի ապրող մարդկանց մեծ մասը կրթություն է ստանում, դա մինիմում պահանջն է, մարդիկ սովորաբար լինում են կիրթ», - արձագանքեց Եղոյանը:

Ինչ վերաբերում է իշխանության հնչեցրած խաղաղասիրական մյուս կոչերին, Եղոյանը այսպես հակադարձեց. «Տիկին Խամոյան, քաղաքական գործիչների խոսքը ունենում է քաղաքական նպատակներ, օրինակ, երբ որ ես ասեմ, որ տիկին Խամոյանը շատ կառուցողական և նրբանկատ մարդ է, այս ամբիոնից ասեմ կամ իմ հարցազրույցներից մեկում, ես լինելով պատգամավոր պատգամավոր Խամոյանի մասին նման բան ասեմ, դա ամենևին չի նշանակի, որ ես հենց այդպես էլ կարծում եմ, դուք միանգամից չհավատաք դրան, դա կարող է ունենալ քաղաքական որոշակի նպատակներ»:

Այսօր Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կրկնեց նախընտրական իր ծրագրերից մեկը։ Կոնդի իշխանական առանձնատները տրամադրել զինվորների վերականգնողական կենտրոնին։

Ինչո՞ւ նախկինում, երբ իշխանության էի դա չէի անում հարցին պատասխանեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը. «Անգամ եթե նախկինում սխալ ենք արել, որ չենք առաջարկել, դա չի նշանակում, որ նման ջղաձգումներ հիմա պետք է առաջանան»:

Նրան արտահերթ ելույթով պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Պարոն Մինասյան, ջղաձգում է առաջացնում մարդկանց մոտ, երբ որ պայմանականորեն 120 մլն դոլար գողացած մարդիկ պետությունից, խոսում են 120 հազար դրամ պարգևավճարի մասին»:

Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը նկատեց Սիմոնյանը աննախադեպ հաճախ է օգտվում արտահերթ ելույթի իր հնարավորությունից. «Ես կարծում եմ, որ իշխող ֆրակցիան թվով, եթե չեմ սխալվում, 71 հոգով վերջապես կհասնի այն կետին, որ քաղաքական ընդդիմախոսներին արձագանքելու համար նիստը նախագահողը ստիպված չլինի անդադար վերցնել արտահերթ խոսքի իրավունք»:

XS
SM
MD
LG