Մատչելիության հղումներ

Պետությունն աջակցություն կտրամադրի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներին


Պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին․ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է աջակցության տրամադրման կարգը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 հազար դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 հազար դրամի չափով:

Ըստ նախարարի՝ միջոցառումը կիրականացվի Զբաղվածության կարգավորման 2021-ի պետական ծրագրին հատկացված բյուջեի շրջանակում: Այն վերաբերելու է ինչպես 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով, այնպես էլ ընդհանուր առմամբ երբևէ ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած բոլոր նախկին զինծառայողներին:

Անդրադառնալով միջոցառմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․ - «Այս պահին անում ենք հետևյալը. եթե հաշմանդամություն ունեցող անձին գործատուն ընդունում է աշխատանքի, և կա հարմարեցումների խնդիր, պետությունը 500 հազար դրամի չափով աջակցում է գործատուին՝ թեքահարթակ և այլ, ամենատարբեր հարմարեցումների համար որպես աջակցություն: Մեր կանխավարկածն այն չէ, որ դա 500 հազար դրամ է արժենալու՝ դա կարող է արժենալ ավելի շատ կամ ավելի քիչ: Պարզապես պետությունը, կառավարությունն այս չափով իր մասնակցությունն է ցուցաբերում և եռամսյակի կտրվածքով 100 հազար դրամ եկամտային հարկից նվազեցվում է: Այսինքն՝ տարվա կտրվածքով դա արդեն կլինի 400 հազար դրամի չափ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG