Մատչելիության հղումներ

Իրանում Ռուսաստանի հայազգի դեսպանը՝ սկանդալի կիզակետում


Լևան Ճաղարյանն ու Սայմոն Շերկլիֆը լուսանկարվում են Ռուսաստանի դեսպանության մուտքի աստիճանների վրա, այն նույն վայրում, որտեղ 78 տարի առաջ Թեհրանի կոնֆերանսին նկարվել էին Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը։
Լևան Ճաղարյանն ու Սայմոն Շերկլիֆը լուսանկարվում են Ռուսաստանի դեսպանության մուտքի աստիճանների վրա, այն նույն վայրում, որտեղ 78 տարի առաջ Թեհրանի կոնֆերանսին նկարվել էին Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը։

Լուսանկարը՝ ռուս-իրանական դիվանագիտական սկանդալի պատճառ․ այսպես կարելի է բնութագրել այն իրադարձությունները, որ ծավալվել են Իրանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևան Ճաղարյանի շուրջ վերջին երկու օրերին։

Երեկ երեկոյան Իրանում Ռուսաստանի դեսպանության թվիթերյան օգտահաշվում մի կարճ հաղորդագրություն զետեղվեց, որով ռուսաստանցի դիվանագետները տեղեկացնում էին, որ դեսպան Ճաղարյանը հանդիպել է իր նորանշանակ բրիտանացի պաշտոնակցի՝ Սայմոն Շերկլիֆի հետ։ Այս հաղորդագրությունը թերևս աննկատ մնար, եթե Ռուսաստանի դեսպանատունը չորոշեր այն ուղեկցել մի լուսանկարով, որը ժամանակակից լեզվով ավելի ճիշտ կլիներ պատմական իրադարձության վերականգնում կամ այսպես կոչված «ռեկոնստրուկցիա» անվանել։

Լևան Ճաղարյանն ու Սայմոն Շերկլիֆը լուսանկարվել էին Ռուսաստանի դեսպանության մուտքի աստիճանների վրա՝ այն նույն վայրում, որտեղ 78 տարի առաջ,1943 թվականի դեկտեմբերին, Թեհրանի կոնֆերանսի ընթացքում, նկարահանվել էին հակահիտլերյան կոալիցիայի երեք առաջնորդները՝ Խորհրդային Միության ղեկավար Իոսիֆ Ստալինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը:

Պատմական զուգահեռներն էլ ավելի ցայտուն դարձնելու համար Ռուսաստանի դեսպանության լրատվական բաժինը Ճաղարյանին և Շերկլիֆին որոշել էր լուսանկարել հնաոճ բազկաթոռներում նստած՝ նրանց միջև տեղադրելով նաև երրորդ, դատարկ, պայմանականորեն ասած, Ռուզվելտի բազկաթոռը։

Տրամաբանությունը հուշում է, որ այդ մի բազկաթոռում էլ պետք է նստած լիներ Իրանում ԱՄՆ դեսպանը, ինչը, սակայն, հնարավոր չէր շատ պարզ մի պատճառով՝ Վաշինգտոնն ու Թեհրանը դիվանագիտական հարաբերությունները խզել են դեռ 40 տարի առաջ։

Դժվար է ասել, արդյոք փորձառու դիվանագետներն այս ֆոտոսեսիայի ընթացքում պատկերացնում էին, թե ինչ արձագանքի այն կարժանանա իրանական իշխանությունների կողմից, սակայն սկանդալը ծագեց գրեթե ակնթարթորեն․ լուսանկարի հրապարակումից բառացիորեն մի քանի ժամ անց, երբ Թեհրանում արդեն ուշ գիշեր էր, Թվիթերում գրառում կատարեց արտգործնախարարի պաշտոնում վերջին օրերն աշխատող Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Այսօր ես մի ծայրահեղ անպատեհ լուսանկար տեսա։ Ցանկանում եմ հիշեցնել, որ 2021 թվականի օգոստոսը ոչ 1941 թվականի օգոստոսն է, ոչ էլ 1943-ի դեկտեմբերը», - գրել է Զարիֆը՝ հավելելով․ - «Իրանի ժողովուրդը ի ցույց է դրել այն իրողությունը, որ իր ճակատագիրն այլևս երբեք չի կարող որոշվել օտարեկրյա տերությունների կամ դեսպանությունների կողմից»։

Իրանական կողմի նման արձագանքը պատահական չէ։ Բանն այն է, որ եթե արևմտյան կամ խորհրդային պատմագրության մեջ Թեհրանի կոնֆերանսը միանշանական դրական լույսի ներքո է ներկայացվում, ապա իրանցիների տեսանկյունից այն մեծ տերությունների կողմից իրենց երկրի նվաստացումների խորհրդանիշերից մեկն է։1941 թվականի օգոստոսից Իրանի տարածքը գտնվում էր Մեծ Բրիտանիայի և Խորհրդային Միության համատեղ օկուպացիայի ներքո։

Իսկ Թեհրանի կոնֆերանսը անց էր կացվում առանց Իրանի իշխանությունների հետ համաձայնեցման, ինչի մասին, դեռ 2012 թվականին խոսել էր իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

«Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը Իրան մուտք գործեցին առանց շահի թույլտվության, առանց անձնագիր սահմանին ցույց տալու», - տարիներ առաջ հայտարարում էր Խամենեին՝ պնդելով, որ Թեհրանի կոնֆերանսը Իրանի այն ժամանակվա ղեկավարի նվաստացման սիմվոլներից մեկն է։

Իրանի հոգևոր առաջնորդն այնքան էլ չի սխալվում․ պատմական աղբյուրները վկայում են, որ Իրանի շահ Մոհամադ Ռեզա Փեհլևին 1943 թվականի դեկտեմբերին Ռուզվելտի և Չերչիլի հետ հանդիպել էր Թեհրանում խորհրդային դեսպանատան տարածքում՝ նրանց թանկարժեք նվերներ փոխանցելով։ Հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարներից միակը, որ չէր խախտել դիվանագիտական արարողակարգը և ինքն էր ժամանել շահի նստավայր, Իոսիֆ Ստալինն էր։

Առավոտյան Ճաղարյանին հրավիրել էին Իրանի արտգործնախարարություն

Այսօր արդեն, իրանցի պաշտոնյաների հետ հանդիպելու հերթը Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանինն էր։ Առավոտյան նրան հրավիրել էին Իրանի արտգործնախարարություն՝ պաշտոնական բողոք ներկայացնելով բրիտանացի դեսպանի հետ արված լուսանկարի համար։

«Իրանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևան Ճաղարյանը այսօր հրավիրվել է Իրանի ԱԳՆ՝ դեսպանի և նրա բրիտանացի պաշտոնակցի լուսանկարի առթիվ իրանական հանրության ծագած ոչ միանշանակ արձագանքի պատճառով։ Բարեկամական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում իրանական կողմին են ներկայացվել բոլոր անհրաժեշտ բացատրությունները։ Դեսպանն ափսոսանք է հայտնել ծագած տարակարծությունների առթիվ», - նշված է Ռուսաստանի դեսպանության հաղորդագրության մեջ։

Թվիթերում տեղ գտած մեկ այլ գրառմամբ էլ Թեհրանում Ռուսաստանի դեսպանությունը մանրամասնել է․ - «Մենք ցանկանում ենք ընգծել, որ լուսանկարը դուրս էր որևէ տեսակի հակաիրանական կոնտեքստից։ Մենք չէինք ցանկանում վիրավորել բարեկամ իրանցի ժողովրդին»։

Դեսպանատան հայտարարությունում նաև կարդում ենք․ - «Այս լուսանկարի ի հայտ գալու միակ իմաստը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիզմի դեմ պայքարում դաշնակցած պետությունների կողմից գործադրված համատեղ ջանքերին հարգանքի տուրք մատուցելն էր»։

Ռուսաստանի դեսպանի մասին․ Լևան Ճաղարյանը 64 տարեկան է, ծնվել է Թբիլիսիում, 80-ականների կեսերին ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը։ Ճաղարյանը երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ, ապա նաև Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում, 2001-ից 2005 թվականներին աշխատել է Տաջիկստանում Ռուսաստանի դեսպանատանը։ Ռուսաստանի նախագահի հրամանագրով ՝ Իրանում դեսպանի պաշտոնում նա նշանակվել է 2011 թվականի նոյեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG