Մատչելիության հղումներ

Շինարարները փակել էին իրենց կողմից վերակառուցվող միջպետական ճանապարհը


Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու շինարարները 7 ամսվա չստացած աշխատավարձերի պահանջով այսօր փակել էին իրենց կողմից վերակառուցվող միջպետական ճանապարհը։

«Այլ ճար չունենք, արդեն 7 ամիս անդադար հետաձգում ու աշխատած գումարները չեն վճարում», - ասում էին «Ճառագայթ» ՓԲԸ բանվորներն ու պահանջում, որ պատասխանատուները գան կոնկրետ ասելիքով՝ ե՞րբ կվճարեն իրենց հասանելիք գումարները։

«Ճառագայթ» ընկերությունը, որն իրականացնում է Քոբեր-Ալավերդի 5 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը, ենթակապալառու է։ Երկու տարի առաջ կառավարության հայտարարած մրցույթում «Հորիզոն» ՍՊԸ-ն է շահել ու աշխատանքները պատվիրակել «Ճառագայթ»-ին։

Բանվորների հետ աշխատանքային պայմանագրեր կնքած «Ճառագայթ» ընկերության տնօրեն Վաչագան Խուրշուդյանն այսօր չհանդիպեց բողոքող աշխատակիցներին, Երևանում էր։ «Ազատությանը» հեռախոսով ասաց՝ տեղյակ է դժգոհությունների մասին։ Խոսքը մոտ 70 աշխատողներին ունեցած ավելի քան 50 միլիոն դրամի պարտքի մասին է։ Խուրշուդյանն ասաց, թե շտապում է կառավարություն, զբաղվում է խնդրով, բայց նշեց, որ այսօր պարտքի գոյացման կոնկրետ պատճառների մասին խոսել չի կարող. դրանք, ըստ նրա, շատ են, սկսած թերի շինարարական նախագծից մինչև տեխնիկական վերահսկողության համար պատասխանատուները։ Խուրշուդյանը, ումից պատասխան էին ակնկալում դժգոհ շինարարներն, ասաց, որ առաջիկա օրերին ավելի շատ ասելիքով կգա Լոռի, կհանդիպի նաև լրագրողներին. - «Եթե ես մեղք ունեցա, ամբողջովին իմ ունեցվածքը, ամեն ինչը վաճառելու եմ, կոպեկ-կոպետ ինչքան տուժվել են մարդիկ, մուծվելու եմ առանց վատ զգալու»։

Ի դեպ, շինարարական կազմակերպության ղեկավարը 2009-2012 թվականներին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է եղել։ Ասաց, թե դրանից հետ այլևս քաղաքականությամբ չի զբաղվել։

«Հորիզոն» ընկերության ներկայացուցիչն այսօր «Ազատությանն» ասաց, որ իրենց ենթակապալառու «Ճառագայթ» ընկերության հետ շուտով կխզեն պայմանագիրը։ Ըստ նրա, եթե մյուս հատվածներում ճանապարհն արդեն պատրաստ է ասֆալտապատման, ապա «Ճառագայթ» ընկերության պատասխանատվությանը տրված 5 կիլոմետրանոց հատվածում դեռ մեծ ծավալի աշխատանք կա։

Աշխատավարձի մասով «Հորիզոնից» պնդում են, թե կատարված աշխատանքի դիմաց անհրաժեշտ ամբողջ գումարը փոխանցել են։ Շինարարության տեխնիկական վերահսկողություն իրականացնող «Սաֆեջ» ընկերության ներկայացուցիչ Գառնիկ Մարտիրոսյանն իր հերթին նշում է, որ շինարարության ընթացքում «Ճառագայթի» հետ որևէ խնդիր չեն ունեցել, կատարողական ակտերը հաստատել են. - «Երկու տարվա մեջ աշխատանքը կատարել են, փաստաթղթերը ներկայացրել են, իրանց գումարը ստացել են»։

Ի վերջո այսօր թնջուկը չլուծվեց, բայց մայրուղին փակած բանվորներն իրենց խնդրով զբաղվելու խոստումներ ստացան նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջինյանից։

«Բոլորիս նպատակն էն ա, որ բոլորդ ունենաք արդյունք։ Եթե աշխատել եք, որևէ մեկը ձեր քրտինքը իրավունք չունի ուտելու։ Ավելին ասեմ, եթե ձեր գումարը չտվեց որևիցե մեկը, որևէ կազմակերպություն կլինի, որևէ անձ կլինի, միանշանակ ոստիկանության հետ ու ինձ հետ կունենա խնդիր։ Ես հաղորդումներ եմ ձեզանից վերցնելու, ես դա խոստանում եմ։ Նախապատրաստենք նյութեր, հարուցենք քրեական գործ, և մարդիկ թող գնան դրա համար պատասխան տան։ Հիմա այդ արդարության վերականգնման ճանապարհին ենք։ Ես երաշխիքն եմ, որ հանդիպումները պատշաճ մակարդակով կազմակերպելու եմ։ Կլինի Խուրշուդյան, կլինի մարզպետարանի աշխատակից, կլինի համապատասխան նախարարության աշխատակից, ի վերջո հանդիպենք, խնդիրը նախ հասկանանք և նաև կոնկրետ ժամկետներում հասկանանք՝ ձեր գումարները որ ժամկետներում ա տրվելու»։

Իրենց աշխատավարձերին ամիսներով սպասող շինարարները համաձայնեցին բացել ճանապարհը, բայց նաև նշեցին, որ խնդիրը չլուծվելու դեպքում դուրս չեն գա աշխատանքի։ Դեպի Վրաստան գնացող Մ6 միջպետական ճանապարհի երկու տարի առաջ սկսած շինարարությունն անցած տարվա նոյեմբերին պետք է ավարտված լիներ։ Բայց համավարակի ու պատերազմի հետևանքով այն հետաձգվել էր։

Կառավարությունը շինարարներին ժամանակ է տվել մինչև այս տարվա օգոստոսի 31-ը։ Մինչդեռ ակնհայտ է, որ որևէ հատվածում ճանապարհը ավարտուն տեսք չունի, և ստիպված կլինեն դարձյալ հետաձգել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG