Հունաստանի՝ մեծությամբ երկրորդ կղզին՝ Էվբեան, հայտնվել է իր պատմության մեջ ամենամեծ բնական աղետներից մեկի ճիրաններում․ վերջին մի քանի օրերի ընթացքում անտառային հրդեհները ոչնչացրել են հարյուրավոր հեկտար հողեր, այրվել են տասնյակ բնակավայրեր, տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ:
Տեղացիներն ասում են, որ Էվբեան երբեք այլևս նույնը չի լինի և մեղադրում են իշխանություններին՝ հրդեհների դեմ պայքարող ուժերի պակասի համար:
Շատերը մինչև վերջ հրաժարվում են լքել իրենց բնակավայրերը. նրանք փորձում են ինչ-որ կերպ փրկել իրենց տները` պատերը ջրելով: Նրանք, ովքեր տեխնիկա ունեն, կտրում են ծառերը և հող լցնում, որպեսզի կանգնեցնեն կրակի առաջխաղացումը: Բայց, ի վերջո, այս ամենն արդյունք չի տալիս, և մարդիկ ստիպված են հեռանալ՝ ընդմիշտ հրաժեշտ տալով իրենց տներին:
40 աստիճան շոգի պայմաններում կրակն արագ տարածվում է: Շնչել դժվար է նույնիսկ՝ կրակից հեռու: Տարբեր երկրներից ավելի քան 500 մարդ պայքարում է տարերքի դեմ: Կիրառվում է նաև ավիացիա, սակայն, ինչպես պարզաբանում է կառավարությունը, ներկա պայմաններում այն բավական արդյունավետ չէ. օդաչուները վտանգում են իրենց կյանքն աշխատելով՝ գործնականում զրո տեսանելիության և չափազանց բարձր տուրբուլենտության պայմաններում։