Մատչելիության հղումներ

Կիևում հայտնաբերվել է բելառուսցի ակտիվիստի դին. ծառից կախված` բռնության հետքերով


Բելառուսցի ակտիվիստ Վիտալի Շիշով, արխիվ

Բելառուսցի ակտիվիստ Վիտալի Շիշովը երեկ առավոտյան դուրս էր եկել վազքի ու այդպես էլ չէր վերադարձել. այսօր Կիևի այգիներից մեկում հայտնաբերվել է նրա դին` ծառից կախված վիճակում: Ընկերը` Յուրի Շչուկոն, որ առաջիններից մեկն էր նկատել դին ու ոստիկանություն կանչել, այսօր «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստածրագրին պատմել է` դիակի վրա եղել են բռնության հետքեր. - «Դա հին, հայտնի սխեմա է` մարդը հայտնաբերվում է կախված` դեմքի վրա ծեծի հետքերով»:

26-ամյա Շիշովը անցած հոկտեմբերից տեղափոխվել էր Կիև, երբ հայրենի Բելառուսում Լուկաշենկոյի վարչակազմը բազմապատկել էր ճնշումները ընդդիմադիր ակտիվիստների դեմ: Ուկրաինայում նա հիմնել էր հասարակական կազմակերպություն, որն օգնություն էր տրամադրում իր պես վտարանդի բելառուսցիներին` աջակցում էին տուն և աշխատանք գտնելու հարցում: Դրանով, սակայն, իրենց գործունեությունը չէր սահմանափակվում, պատմել է կազմակերպության անդամ, Շիշովի մերձավոր Յուրի Շչուկոն. - «Բարեգործական աշխատանքից, բելառուսցիներին օգնելուց, տարբեր ակցիաներ, ստորագրահավաքներ կազմակերպելուց բացի, մենք նաև հանդիպում էինք Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորների հետ, քննարկումներ տանում, որպեսզի կոնկրետ պատժամիջոցներ սահմանվեն Լուկաշենկոյի ռեժիմի դեմ»:

Ակտիվիստները պնդում են, որ իրենց պաշտոնական ու ոչ պաշտոնական խողովակներով ամիսներ առաջ են դեռ տեղեկացրել, որ կազմակերպության ղեկավարները գտնվում են Բելառուսի անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում, զգուշացրել, որ բելառուսցի գործակալների մի ամբողջ ցանց է տեղափոխվել Կիև` դրանից բխող հնարավոր հետևանքներով:

«Տեղեկություն կար, որ Ուկրաինա են ժամանել Բելառուսի հատուկ ծառայությունների աշխատակիցները` մեր ակտիվ անդամներին ֆիզիկապես ոչնչացնելու համար: Այս տեղեկությունները մենք ստանում էինք տարբեր աղբյուրներից, այդ թվում` Ուկրաինայի անվտանգության ծառայությունից: Ասում էին, որ զգույշ լինենք, քանի որ այստեղ Բելառուսի ԿԳԲ-ի ցանց է աշխատում, և ամեն բան հնարավոր է», - պատմում են ակտիվիստները:

Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Ընդ որում, նախնական հաղորդագրության համաձայն` ինքնասպանության հոդվածով, հետո, սակայն, իրավապահները խմբագրեցին այդ տեղեկությունը: Այժմ քննվում է դիտավորյալ սպանության, ինչպես նաև` սպանությունը ինքնասպանությամբ քողարկելու վարկածը:

Ոստիկանությունը դիմել է Շիշովի հարազատներին ու ընկերներին` խնդրելով տեղեկություններ փոխանցել երիտասարդի վերջին օրերի, զրույցների ու մտահոգությունների վերաբերյալ: Առայժմ նրանք համակարծիք են մեկ հարցում` Վիտալին ինքնասպանության չէր գնա: «Վերջին ժամանակներս նա շատ ուշադիր էր, հետևում էր` ինչ մեքենաներ են հայտնվում բակում, կարծես վատ կանխազգացում ուներ», - «Ազատության» բելառուսական ծառայությանը պատմել է նրա ընկերուհին՝ հավելելով. - «Նա ինքնասպանության ոչ մի պատճառ չուներ, հակառակը՝ մենք ապագայի հետ կապված համատեղ ծրագրեր ունեինք»:

Հարազատները պատրաստվում են այսօր երեկոյան Կիևում Բելառուսի դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնել: «Կասկած չկա, որ սա չեկիստների կողմից ծրագրված գործողություն է, մենք կշարունակենք պայքարը, մինչև ողջ ճշմարտությունն իմանանք», - հայտարարել են ակտիվիստի ընկերներն ու Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG