Մատչելիության հղումներ

Մեղրիի մաքսակետի պաշտոնյաների առերևույթ կաշառառության և չարաշահումների գործի նախաքննությունն ավարտվել է


Բեռնատար հայ-իրանական սահմանի Մեղրիի անցակետի մոտ, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված և Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Մեղրիի մաքսակետի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել ավելի քան 60 միլիոն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ, հաղորդում է ՀՔԾ-ը:

Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, «Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի ավագ մաքսային տեսուչ Արմեն Փանյանը 2020 թվականի հուլիսին նույն մաքսակետի նախկին աշխատակից, իր մտերիմ Բագրատ Թումանյանի միջոցով ընդունել է ապրանքների ներկրմամբ զբաղվող Սուրեն Հարությունյանի առաջարկը՝ կաշառքի դիմաց վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ, Արմեն Փանյանը, իր հերթին, պայմանավորվածություն է ձեռք բերել Մեղրիի մաքսակետի բաժանմունքի պետ Հայկ Մելքումյանի և նույն մաքսակետի տեսուչ Ռուբիկ Մարգարյանի հետ՝ Սուրեն Հարությունյանի կողմից ներկրվող ապրանքներն առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու մաքսակետի տարածքից անարգել բաց թողնելու գործընթացը կազմակերպելու հարցում»:

«Հիշյալ հանցավոր սխեմայի շրջանակներում Սուրեն Հարությունյանը 2020թ. հուլիսի 5-ից օգոստոսի 22-ը` մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով, բեռնատարներով ԻԻՀ-ից Մեղրիի մաքսակետի տարածք է տեղափոխել 71,980 կգ քաշով մետաղյա ամրաններ, ինչի դիմաց օգոստոսի 29-ին մաքսային տեսուչ Արմեն Փանյանին Բագրատ Թումանյանի միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1 միլիոն 510 հազար դրամ կաշառք, որից 100 հազար դրամը տվել է Բ. Թումանյանին՝ վերոհիշյալ հանցավոր արարքի կատարման հարցում իրեն օժանդակելու համար:

Հայկ Մելքումյանն ու Ռուբիկ Մարգարյանը, տեղյակ լինելով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին, դրանք մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման չեն ենթարկել և առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու թույլատրել են բեռնատարների անարգել դուրսբերումը մաքսակետից: Արդյունքում` Սուրեն Հարությունյանը պաշտոնատար անձանց թողտվությամբ չի վճարել 7 միլիոն 556 հազար 15 դրամի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարներ», - մանրամասնում է ՀՔԾ-ը:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Իրանից ապրանքներ ներկրելու նպատակով իրեն օժանդակելու համար Բագրատ Թումանյանին է դիմել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Վահագն Դավթյանը: Բագրատ Թումանյանը, իր հերթին, կրկին դիմել է Մեղրիի մաքսակետի վերը նշված պաշտոնատար անձանց և նրանց համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները: Պաշտոնատար անձանց կողմից համաձայնություն ստանալուց հետո` 2020-ի սեպտեմբերի 4-ից 2021-ի մարտի 3-ը, Վահագն Դավթյանի կողմից ապօրինի եղանակով ներկրվել են ավելի քան 3500 տարա ավտոյուղեր:

«Արմեն Փանյանը կազմել է բեռների տեղափոխման՝ ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներքին տարանցիկ հայտարարագրեր, որոնք Բագրատ Թումանյանի միջոցով տրամադրել է բեռնատարի վարորդին՝ մաքսակետի տարածքից դուրս գալուց հետո հիշյալ փաստաթղթերի մի մասը վերցնելու, իսկ մյուս մասը նշված վայր հասնելուց հետո ոչնչացնելու պայմանով:

Մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված ապրանքի գերակշիռ մասը Վահագն Դավթյանը վաճառել է, իսկ մնացած մասը` 1200 տարաների մեջ լցված ավտոյուղերը, 2021թ. մարտի 5-ին Վ. Դավթյանի տան բակում հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վահագն Դավթյանը ՊԵԿ պաշտոնատար անձանց թողտվությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 52 միլիոն 803 հազար 029 դրամի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարներ», - նշված է հաղորդագրությունում:

Արմեն Փանյանին, Բագրատ Թումանյանին, Սուրեն Հարությունյանին, Հայկ Մելքումյանին, Ռուբիկ Մարգարյանին, Սամվել Համբարձումյանին և Վահագն Դավթյանին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, Փանյանի և Թումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

XS
SM
MD
LG