Մատչելիության հղումներ

Իրանը հերքում է Mercer Street լցանավի վրա հարձակվելու Իսրայելի պնդումը


Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն, Թեհրան, արխիվ

Իրանը հայտարարել է, որ ոչ մի առնչություն չունի Օմանի ծոցում անցած շաբաթ Mercer Street նավթակիր լցանավի վրա տեղի ունեցած գրոհի հետ, որի հետևանքով զոհվել են մեկ բրիտանացի և մեկ ռումինացի աշխատողներ:

Mercer Street լցանավը պատկանում է Լոնդոնում տեղակայված Zodiac Maritime ընկերությանը, որի սեփականատերերից է իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերը:

Իսրայելը հայտարարել է, թե Իրանն է կազմակերպել գրոհը, որի ընթացքում երկու անօդաչու սարքեր հարվածներ են հասցրել լցանավին:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեն ասել է, որ «Իսրայելը տարածաշրջանում ստեղծել է անապահովության, ահաբեկչության և բռնության մթնոլորտ և հիմա փորձում է աշխարհի ուշադրությունը շեղել այդ փաստից»: Խոսնակը բացարձակ անհիմն է որակել Իսրայելի պնդումները:

Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բեննետը Թեհրանին է մեղադրել միջադեպի համար և ասել է, որ «Իրանը փոքրոգի գործողություններով փորձում է խուսափել պատասխանատվությունից»:

Ամերիկյան երկու ռազմանավեր վնասված լցանավն ուղեկցում են ապահով նավահանգիստ:

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը լցանավի միջադեպի կապակցությամբ իսրայելցի դիվանագետներին կարգադրել է ՄԱԿ-ում արծարծել «Իրանի ահաբեկչական գործողությունների հարցը»:

Լապիդը միջադեպի հարցը քննարկել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG