Մատչելիության հղումներ

Առերևույթ չարաշահումներ «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում», պետությանը պատճառվել է շուրջ 120 մլն դրամի վնաս


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունն, ուսումնասիրելով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ներկայացրած փաստաթղթերը, ձեռք է բերել տվյալներ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ընկերությունում ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ։

Մասնավորապես, ինչպես դատախազությունն է նշում, չարաշահումները վերաբերում են ընկերության պաշտոնատար անձանց կողմից պետության և ընկերության միջև կնքված պայմանագրի դրույթները չպահպանելով, թվով 45 հիվանդության պատմագրերի գծով հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ամբողջությամբ տրամադրված չլինելու կամ մասնակի տրամադրված լինելու պայմաններում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, սահմանված չափորոշիչների խախտմամբ 2018-ի ընթացքում ընկերության մեկ բաժանմունքից մեկ այլ բաժանմունք տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը հիվանդների բուժման համար սահմանված գնի 30 տոկոսի չափով չկատարելուն, «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով պետական պատվերի շրջանակում փաստացի կատարված աշխատանքների ծավալները ոչ ճիշտ արտացոլելուն և այլն։

Ըստ հաղորդագրության՝ վերոնշյալ ուղղություններով առերևույթ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացվել են Առողջապահության նախարարություն և պետբյուջեից ստացել փոխհատուցում:

«Բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր այս գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120 մլն ՀՀ դրամի վնաս», - հայտնում է դատախազությունը՝ նշելով՝ հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG