Մատչելիության հղումներ

Խաղաղ պայմաններում ժամկետային զինծառայողի մահվան վերջին դեպքը Քննչական կոմիտեն ինքնասպանություն է որակում


Նախաքննությունը պարզել է, որ հուլիսի 26-ի ուշ երեկոյան ժամկետային Սարգիս Գրիգորյանն Պաշտպանության բանակի զորամասերից մեկում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակին արձակել է մենահատ կրակոց, ինչը մահացու է եղել։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, դեպքի առթիվ գործը հարուցվել է մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հոդվածով։

Քննչական մարմնի նախնական վարկածից տարիներ շարունակ զինծառայողների իրավունքների մասին բարձրաձայնող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տարակուսած է։ Նրա պնդմամբ, զենքի փորձաքննությունը ամիսներ է տևում, իսկ քննչականն իր հայտարարության տեքստում նշում է՝ մենահատ կրակոց է եղել։

«Այս հաղորդագրության մեջ նաև տեղ էր գտել մենահատ կրակոց հասկացությունը, որը փորձագիտական եզրակացության դեպքում կարող է միայն լինել։ Զենքի փորձաքննությունը ամիսներ է տևում, ձգաբանական փորձաքննությունն ամիսներ է տևում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։

Նրա պնդմամբ, այդքան կարճ ժամանակահատվածում այդպիսի գնահատական տալն անհնար է։ Ըստ քննչականի, դեպքը տեղի ունեցել հուլիսի 26-ի ուշ երեկոյան, իսկ ինքնասպանության վարկածի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է հաջորդ կեսօրին։

«Մենք շատ ենք կարևորում փորձագիտական եզրակացությունները։ Դրանք առանցքն են քրեական գործերի բացահայտման՝ դատաբժշկական փորձաքննությունը և զենքի փորձաքննությունը, որոնք ցույց են տալիս իրողությունը։ Ոչ ոք իրավունք չունի... ինչպե՞ս իմացաք, որ մենահատ կրակոց է... Երևի պայծառատես ա պարոն Քյարամյանը։ Այս դեպքը նրա նշանակումից հետո ցույց է տալիս, որ նա ոչինչ չի անելու, թող իններորդ պաշտոնին նրան նշանակեն»։

Ալեքսանյանն ընդգծում է, որ ամենամեծ մտահագությունը բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերն են, որոնք, ըստ իրավապաշտպանի, պատերազմական 2020-ին մեծ թիվ են կազմել. - «Վերջին տարիներին էդպիսի թիվ ես չեմ հիշում, որ եղած լինի։ Դա կարող էր լինել իննսունականների վերջին, երկուհազարականների սկզբին»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հրապարակած տվյալներով, նախորդ տարի ոչ պատերազմական գործողությունների հետևանքով զինված ուժերում արձանագրվել է մահացության 100 դեպք։ Մինչդեռ 2019-ին, նույն աղբյուրի տվյալներով, մահերի թիվը երկու անգամ ավելի փոքր է եղել։ Երկու օր առաջ մահացած Սարգիս Գրիգորյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր։ «Ազատության» հետ զրույցում համայնքապետ Տիգրան Բաղադասարյանը փոխանցեց, որ դեպքի օրը Գրիգորյանը հոր հետ է խոսել, ասել է, թե ամեն ինչ կարգին է եղել ծառայության ընթացքում։

Տիգրան Բաղդասարյանի խոսքով, զինծառայողի դին այսօր դիահերձարանից տանելու են, փորձաքննությունն ավարտվել է, կրակոցից զատ մարմնի վրա այլ հետքեր չեն հայտնաբերել։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, թե հայտարարությունից զատ ավելացնելու բան չունեն։

Հարուցված քրեական գործով դեպքից երկու օր անց էլ չի հաղորդվում, թե արդյոք կա ձերբակալված կամ կասկածյալ։

XS
SM
MD
LG