Մատչելիության հղումներ

Ոչ ուշ ապագայում Արևմուտքը ռազմական ներկայություն է հաստատելու Հայաստանում. Սեֆիլյան 


Ազգային-ժողովրդավարական բևեռի ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Ազատության» տաղավարում։

Ոչ ուշ ապագայում Արևմուտքը ռազմական ներկայություն է հաստատելու Հայաստանում, և 44-օրյա պատերազմից հետո, եթե չլինեին արևմտյան տերությունների ջանքերը, Ռուսաստանի թողտվությամբ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանից «կուլ տալ» նաև Սյունիքն ու Գեղարքունիքի մի մասը, այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Ազգային-ժողովրդավարական բևեռի ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Ազատություն». – Երևանում արևմտյան երկրների դեսպանները անսովոր ակտիվություն են ցուցաբերում անվտանգությանը, պաշտպանության ոլորտին վերաբերող հարցերում։ Օրինակ, Ֆրանսիայի դեսպանը Երևանում՝ Ջոնաթան Լաքոթը, օրեր առաջ այս տաղավարում հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է քննարկել պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը։ Երեկ սահմանամերձ գոտում՝ Գեղարքունիքում էր ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին և հայտարարեց, որ «Միացյալ Նահանգները մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում և կողմերից պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին»։ Ձեր կարծիքով, արևմտյան երկրների դեսպանների նման անսովոր ակտիվությունը պաշտպանության հարցերում ի՞նչ է նշանակում։

Սեֆիլյան. – Բարեբախտաբար որ այդպես է։ Եթե ոչ, նոյեմբերի 9-ից հետո թշնամուն կհաջողվեր և' Սյունիքը կուլ տալ, և' Սևանը կուլ տալ։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ նոյեմբերի 9-ից հետո մեր սահմանները պաշտպանողը մենք չենք, Արևմուտքն է։ Բարեբախտաբար, Արևմուտքը որոշեց ակտիվանալ և որոշ չափով տեր կանգնել իրավիճակին։ Մենք միշտ խոսել ենք, որ մեր երկիրը ամբողջությամբ կառավարվում է դրսից։ Մենք հիմնականում նկատի ենք ունեցել Մոսկվայի կառավարումը, սակայն ես կարող եմ ավելացնել, որ, բարեբախտաբար, վերջին ժամանակներում Արևմուտքը ևս արդեն արտաքին կառավարմանը միջամտում է, և դրա շնորհիվ է, որ այսօր մենք ունենք, ինչ ունենք։ Պարզ է, որ երբ դեսպանները անձամբ բարձրաձայնում են, կամ առավել ևս ֆիզիկապես այցելում են մեր սահմանագիծ, այնտեղ, պետք է հասկանալ, որ իրավիճակը սրվել է, և տվյալ երկրի ներկայացուցիչը ուղղակի մատ է թափ տալիս թուրքական կողմի վրա՝ ասելով, որ ձեր չափը իմացեք, ամեն ինչ չափ ու սահման ունի։ Բոլորս էլ հիշում ենք [ԱՄՆ դեսպանի] մի քանի անգամ այցերը Սյունիք։ Այսինքն՝ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե Արևմուտքի միջամտությունը չլիներ, այսօր Հայաստանից համարյա բան չէր մնացած։ Սա պետք է գիտակցենք և գնահատենք։

«Ազատություն». – Դուք հիշատակեցիք մասնավորապես Միացյալ Նահանգների դեսպանի այցը Սյունիք։ Մենք գիտենք նաև Եվրամիության մեծ աջակցության փաթեթի՝ 2,6 միլիարդ եվրոյի մասին, որտեղ հատուկ նշում կա Սյունիքի մասին, ինչը միգուցե աննախադեպ երևույթ է։ Ես ճի՞շտ եմ հասկանում ձեզ, որ Սյունիքի հարցում, դուք նշեցին նաև Սևանի հարցում, Ռուսաստանը նույնպես դեմ չէ, որպեսզի այդ տարածքների որոշ հատվածներ անցնեն Ադրբեջանի, Թուրքիայի վերահսկողությանը, Ռուսաստանը ոչինչ չի ձեռնարկում, հետևաբար գործին խառնվել են նաև արևմտյան տերությունները։

Սեֆիլյան. – Այո, այդպես է։ Երբ մենք ասում ենք՝ բարեբախտաբար Արևմուտքը միջամտում է, այդ միջամտության մեջ մենք նաև տեսնում ենք ոչ ուշ ապագայում նաև ռազմական ներկայությունը Սյունիքում և Արցախում։ Առաջնահերթորեն այսօր քննարկվում է ֆրանսիական զորքի ներկայության մասին։ Սակայն եթե Ռուսաստանը առաջիկա ժամանակներում չընդառաջի Արևմուտքի այս առաջարկությանը, ապա նրանց կարող է շատ ավելի վատ տարբերակի առաջ կանգնեցնեն։ Նկատի ունեմ լեհական զորքի ներկայացուցիչներ Հայաստանում և Արցախում։ Պարզ է, որ Ռուսաստանը չունի պետք եղած ներուժը դիմադրելու Արևմուտքի հստակ պահանջներին։ Ուզում եմ ասել, որ այս ժամանակահատվածում լինելու են այդպիսի բաներ։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ այսօր Արևմուտքի միջամտությունը կամ նրանց սոցիալական, ֆինանսական խոստումները արդեն գործնական քայլերի որ անցնում են, դրանք հստակ հայ ժողովրդին մեսիջ են ուղարկում՝ ասելով, որ մենք պատրաստ ենք ձեզ օժանդակելու, ձեզ մնում է ընդամենը սապոգից դուրս գալ։ Մենք բոլորս՝ հայերս պետք է հասկանանք, որ 44-օրյա կոտորածը մենք ստացանք գլխավորապես այդ պատճառով։ Եթե մենք մի քիչ խելք ունենայինք և վրացիների հետ ձեռք-ձեռքի 2008-ին կարողանայինք դուրս գալ էդ սապոգի տակից, այսօր մենք պատերազմ չէինք ստանա։ Նույնիսկ եթե լիներ պատերազմ, հակառակ արդյունքով տեղի կունենար դա։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր գլխավոր կորուստների պատճառը, թուլացման պատճառը մեր քաղաքական «վերնախավի» ստրկամտությունն է։ Օր առաջ, սիրելի ժողովուրդ, պետք է ձերբազատվենք այս երևույթից»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

.

XS
SM
MD
LG