Մատչելիության հղումներ

Արցախում այժմ ապրում է ավելի քան 120 հազար հայ. Թանդիլյանն արձագանքում է Ալիևին


Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, արխիվ
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, արխիվ

Արցախում այժմ ապրում է ավելի քան 120 հազար հայ, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմանը, թե այնտեղ ապրողների թիվը 25 հազար է:

Թանդիլյանն «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց՝ իր պնդման հիմքում սոցիալական և կրթական ծրագրերի շահառուների թիվն է. «Մենք այդ ծրագրերի միջոցով փաստացի տեղեկատվություն ենք ստանում, թե քանի մարդ է բնակվում Արցախում, շատ պարզ է հաշվարկը»:

Ռուս խաղաղապահների՝ ավտոբուսներով Արցախ վերադարձածների թիվը Ալիևի հայտարարությունից երկու անգամ մեծ է։ Այս հունվարին, օրինակ, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունն ավելի քան 50 հազար վերադարձած քաղաքացիների մասին էր հայտնում։

«Ռուս մեր գործընկերների տված տեղեկատվությունը 50 հազարից ավելիի մասին իրականում արտացոլում են միայն ավտոբուսներով Արցախ տեղափոխվող տեղահանված մեր քաղաքացիների թիվը, այնինչ ակնհայտորեն մեքենաներով տեղաշարժը պակաս չէ: Այդ տվյալները մենք ստանում ենք մեր ծրագրերի միջոցով փաստացի հաշվարկի հիման վրա, հետևաբար այստեղ ենթադրությունների տեղ անգամ չկա: Եվ, այո, այս պահի դրությամբ Արցախում բնակվում է շուրջ 115-ից, 120 հազարից ավելի քաղաքացի», - ընդգծեց Թանդիլյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հայտարարել էր՝ Ղարաբաղում 25 հազար մարդ է բնակվում։ Անդրադառնալով ռուս խաղաղապահների հրապարակած թվերին նա ասել է՝ վերադառնալը չի նշանակում մնալ այնտեղ։ Ալիևի խոսքով՝ իրենք տարատեսակ տեխնիկական միջոցներ, արբանյակ ունեն ու գիտեն, թե այնտեղ քանի մեքենա կա, տեսնում են մարդկանց տեղաշարժը։ Ադրբեջանի նախագահն անտրամաբանական է համարում 25 հազար բնակիչների համար կարգավիճակի հարցի քննարկումը։ Պատերազմի ավարտից ի վեր Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը ղարաբաղյան խնդիրը փակված է համարում, հայկական կողմը մինչդեռ պարբերաբար բարձրացնում է Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսման և Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու հարցերը։

Մանե Թանդիլյանի կարծիքով՝ Ալիևի հայտարարությունը արցախահայության՝ հայրենիքում ապրելու կամքը նսեմացնելու անհաջող փորձ է: Ըստ Արցախի սոցապ նախարարի, Ադրբեջանի նախագահը անթաքույց բացահայտում է՝ բնակիչների թիվը նշանակություն ունի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում:

«Եթե նկատում եք, Ալիևը փորձում է այդ հարցը փակված համարել նաև իր խոսքերի մեջ բացահայտելով, որ այն չի կարող փակված լինել, քանի որ այնտեղ կան ապրող քաղաքացիներ: Եվ ահա արցախահայությունը իրենց կամքի, իրենց երկրում ապրելու, իրենց մեծ ցանկության և հաստատակամության շնորհիվ նաև իրենց պարտքն են հատուցում մեր զոհված զինվորներին՝ ապրելով Արցախում, բնակվելով, տեղափոխվելով իրենց հայրենիք», - ընդգծեց Մանե Թանդիլյանը:

Արցախում այժմ բնակարանաշինական ծրագրեր են իրականացվում, Թանդիլյանի խոսքով՝ Սոցապ նախարարությունն, օրինակ, մի ծրագիր է իրականացնում, որով գյուղերում բնակվել ցանկացողների համար վերանորոգվում են կիսաքանդ տները. «Նաև այդ ծրագրի շրջանակներում բազմաթիվ ընտանիքներ են վերադարձել և քաղաքներում այսօր՝ Մարտունի, Մարտակերտ, Ստեփանակերտ քաղաքաշինություն է ընթանում, նաև նոր բնակավայրեր են կառուցվում, լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում Արցախում, և կառավարությունը հայտարարել է, որ երեք տարվա ընթացքում պատրաստվում է մաքսիմալ ապահով տեղահանածների բնակարանային ապահովումը», - նշեց Թանդիլյանը:

Ադրբեջանի նախագահի հայտարարություններին անդրադարձել է նաև Արցախի պետական նախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Արցախի բնակչության թվի մասին պնդմամբ Ալիևը խոստովանում ու ընդունում է՝ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից, և փորձում է պարզունակ հնարքով կեղծել իրականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG