Մատչելիության հղումներ

Գերեվարված մաճկալաշենցին ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, հաղորդում է Արցախի օմբուդսմենը


Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյան, արխիվ

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Գեղամ Ստեփանյան երեկ երեկոյան Ֆեյսբուքում գրել է. - «Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը: Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը: Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը»:

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողնելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին», - ընդգծում է Արցախի օմբուդսմենը՝ միջազգային կազմակերպությունների և Արցախի իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրելով միջադեպի վրա:

XS
SM
MD
LG