Մատչելիության հղումներ

Լիազորությունները կասեցված դատավոր Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով նիստը կրկին հետաձգվեց


Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հետաձգել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կասեցված լիազորություններով դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով ևս մեկ նիստ, սակայն մինչ այդ Դավիթ Գրիգորյանը պատասխանել է կողմերի մի քանի հարցերի։

Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը, պատճառը եղել է ArmDaily.am լրատվական կայքին տված հարցազրույցը, մասնավորապես հարցազրույցի ժամանակ Դավիթ Գրիգորյանի արտահայտած կարծիքը որակվել է որպես դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող գործին հնարավոր միջամտություն:

Դանիբեկյանը քննում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ենթակաների գործը։ Այդ հարցազրույցում Դավիթ Գրիգորյանը խոսել է Սահմանադրական դատարանի որոշման մասին, որով Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական էր ճանաչվել։ Իսկ Սահմանադրական դատարանին նման հայցով հենց ինքն էր դիմել։

Ինքը՝ Դավիթ Գրիգորյանը ևս եղել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորը և 2019 թվականի մայիսին Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաև կասեցնել գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի`Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Հարցազրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի վերաորակման հնարավորությանը, Դավիթ Գրիգորյանը նշել էր, որ մեղադրանքը վերաորակում են, երբ մեղադրանքը առկա է, բայց այս դեպքում, երբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի, վերաորակման մասին խոսելն ավելորդ է։

Հարցազրույցի ժամանակ Դավիթ Գրիգորյանը հրաժարվել էր պատասխանել կոնկրետ դատավոր Աննա Դանիբեկյանին վերաբերող հարցին։ Այս մասին Դավիթ Գրիգորյանին հարց ուղղեց ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը․ - «Ես այստեղ տեսնում եմ, որ հետևյալ արտահայտությունն եք Դուք արել՝ «այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև կստացվի, որ ես անուղղակիորեն միջամտելու եմ մեկ այլ դատավորի վարույթում գտնվող քրեական գործին», կարո՞ղ եք պարզաբանել՝ այս արտահայտությունն ինչո՞ւ համար եք արել»։

Գրիգորյանը պատասխանեց․ - «Քանի որ մինչ այդ տրված հարցերը եղել են տեսական, իրավական դաշտի հետ կապված, իսկ վերջին հարցը ուղղված էր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող քրեական գործով նախատեսվելիք կայացվելիք որոշման հետ կապված կարծիք հայտնելուն, ես դրա համար այդպիսի պատասխան եմ տվել, այսինքն՝ զերծ եմ մնացել կարծիք հայտնելուց»։

Դավիթ Գրիգորյանը ընդունում է, որ տվել է այդ հարցազրույցը, պատասխանել է նշված հարցերին, բայց չի հաստատում, որ հարցազրույցի վերարտադրությունը բառացի է օգտագործվել։ Հարցազրույցից հետո որոշակի ժամանակ է անցել և քանի որ իրենք չունեն ձայնագրությունը, հետևաբար չեն կարող հիշել հարցազրույցի բովանդակությունը բառացիորեն։

«Կոնկրետ գործին վերաբերելի որևէ հարցադրում չի եղել, բոլորը եղել են տեսական, իրավական հարցեր և իմ կողմից եղել են իրավական դատողություններ», - հայտարարեց Գրիգորյանը։

ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը ևս հարց ուղղեց Դավիթ Գրիգորյանին․ - «Եվ Դուք այսօր պաշտպանո՞ւմ եք այդ արտահայտած տեսական, իրավական դիրքորոշումները, թե՞՝ ոչ»։ «Այո՛, իմն են», - պատասխանեց դատավոր Գրիգորյանը։

Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, օրեր անց Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։

Դատավորների անկախությունը երաշխավորող մարմնում՝ Բարձրագույն դատական խորհրդում Դավիթ Գրիգորյանի հարցով հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 5-ին։

XS
SM
MD
LG