Մատչելիության հղումներ

Թունիսում սառեցվել են խորհրդարանի լիազորությունները, կառավարությունը պաշտոնանկ է արվել


Թունիս - Ոստիկանությունը ցրում է բողոքի ցույցը, արխիվ
Թունիս - Ոստիկանությունը ցրում է բողոքի ցույցը, արխիվ

Թունիսի նախագահ Քաիս Սաիդի անցած գիշեր հրապարակված որոշման համաձայն՝ երկրի կառավարության և խորհրդարանի լիազորությունները սառեցվել են։ Դա տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքում մի քանի օր շարունակված բողոքի ակցիաների ֆոնին։ Դրանց մասնակիցները պահանջում էին երկրի իսլամիստական կառավարությանը հրաժարականը՝ պնդելով, որ գործադիր իշխանությունը չի կարողանում արդյունավետ պայքար ծավալել կորոնավիրուսի համաճարակի և դրա տնտեսական հետևանքների դեմ։

«Վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ խորհրդակցությունների արդյունքում գործի է դրվել Սահմանադրության 80-րդ հոդվածը։ Դրա համաձայն դադարեցվել են խորհրդարանի լիազորությունները։ Քանի որ Թունիսի Սահմանադրությամբ խորհրդարանի լուծարում չի նախատեսվում, ուստի օրենսդիր մարմնի լիազորությունները պարզապես սառեցվել են։ Բացի այդ, խորհրդարանի բոլոր անդամները զրկվել են անձեռնմխելիությունից», - հայտարարում էր Թունիսի նախագահը։

Երկրի ղեկավարի այս որոշումից հետո հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ ողջունելով նախագահ Սաիդի ձեռնարկած քայլերը։ Դրան զուգահեռ, Թունիսի բանակը վերահսկողություն է սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն մի շարք օբյեկտների նկատմամբ։ Թունիսցի զինվորականները մասնավորաբար շրջապատել են խորհրդարանի շենքը՝ թույլ չտալով դրա խոսնակ Ռաշիդ Գանուշիին մուտք գործել շենք։

«Այս անակնկալ որոշումը զարմացրեց ոչ միայն իշխող «Ան Նահդա» կուսակցությանը, այլև ողջ թունիսցի ժողովրդին։ Այլ կերպ, քան հեղաշրջում, տեղի ունեցող իրադարձությունները որակել հնարավոր չէ», - հայտարարում էր Գանուշին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG