Մատչելիության հղումներ

Փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ


Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգության հետևանքով երեկ վիրավորում ստացած 3 զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Ժամկետային զինվորը վիրահատվել է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ առանց այլ մանրամասների։ Երեկ, մինչդեռ, հայտարարել էին, թե երեքն էլ թեթև վիրավորում են ստացել։

Ըստ հայկական և ադրբեջանական կողմերի՝ իրավիճակը այսօր սահմանին հանդարտվել է։ Հայ ու ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպը Վարդենիսի տարածաշրջանի Կութի ու Սոթքի հատվածում է գրանցվել։ Սոթքում, Կութում ու հարակից մյուս սահմանային գյուղերում կրակոցների ձայները գրեթե ամեն օր են լսվում։ Այդ գյուղերը միավորող Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասում է՝ ադրբեջանցիներն ակտիվանում են հատկապես փոքր շարժ անգամ նկատելիս։

«Դե իրանք միշտ էլ կրակում են, ցանկացած շարժի դեպքում իրանք կրակում են, մոր կողմում ցանկացած շարժի իրենք փորձում են խոչընդոտել, իրանք միշտ էդ լարվածությունը ստեղծում են, դրանով երևի դրդում են նոր բախումների», - ասաց Ավետյանը:

Կրակոցները երեկ ավելի ինտենսիվ էին, այնքան, որ դրանց ձայներին արդեն սովոր բնակիչները լարվել ու անհանգստացել էին: «Երեկվա դրությամբ շատ ինտենսիվ են եղել կրակոցները, լուրջ անհանգստություն էր առաջացնում ժողովրդի մեջ: Էդ ընդհանուր պայմանավորվածությունը, որ գոնե ամենքն իր դիրքում կանգնի, մեր կողմը պահպանում է այդ պայմանավորվածությունը, բայց իրենց կողմից լկտիություն միշտ լինում է: Իրենց կողմից տեղի ունեցած ցանկացած ագրեսիա մենք պարտավոր ենք կանխել, դրա արդյունքում և տուժում ենք մենք», - ընդգծեց Գեղամասարի ղեկավարը:

Այսօր արդեն սահմանին կրակոցներ չկան, ասաց Հակոբ Ավետյանը։

Պաշտոնական Բաքուն երեկ հայկական կողմին էր մեղադրում Քելբաջարի շրջանի սահմանի ուղղությամբ կրակ բացելու համար՝ հայտնելով, որ հենց դրա հետևանքով էլ ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Հայկական կողմը մինչդեռ հերքեց այս տեղեկությունը:

Սահմանի Գեղարքունի հատվածին մոտ գտնվող գյուղեր լրագրողների այցն արգելվում է՝ առանց համապատասխան թույլտվության, տեղում հերթապահում է ռազմական ոստիկանությունը։

Անցած շաբաթվանից լարված է նաև սահմանի Նախիջևանի հատվածում՝ Երասխում։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ երեկ կեսգիշերից առաջ Հակաօդային պաշտպանությունը կասեցրել է հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փորձը:

XS
SM
MD
LG