Մատչելիության հղումներ

Տոկիոյում մեկնարկել է օլիմպիական խաղերի բացման արարողությունը


Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

Առաջին անգամ օլիմպիական խաղերի անցկացման ավելի քան 120-ամյա պատմության մեջ արարողությունը ընթանում է առանց հանդիսատեսի։ Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում ներկա են միայն պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները և օլիմպիադայի մասնակիցները։ Ներկաների թվում է նաև Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։

48 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտում ներկաների ընդհանուր թիվն այս պահին, ըստ Reuters գործակալության, չի գերազանցում հազարը։

Ճապոնիայի կառավարությունը հանդիսատեսի ներկայությունը օլիմպիական խաղերին արգելել էր հուլիսի սկզբին կայացված հատուկ որոշմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեպքերի թվի աճը երկրի մայրաքաղաքում և հարակից շրջաններում։

Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականի ամռանը, սակայն հետաձգվել էին՝ Covid 19-ի համաճարակի պատճառով։

XS
SM
MD
LG