Մատչելիության հղումներ

Կամերային երգչախումբը համերգով կհարգի Հարություն Թոփիկյանի հիշատակը


Հարություն Թոփիկյան
Հարություն Թոփիկյան

Այս երեկո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ՝ նվիրված երգչախմբի հիմնադիր, անվանի դիրիժոր Հարություն Թոփիկյանի հիշատակին:

Նա վախճանվեց անցյալ տարի 69 տարեկան հասակում համավարակի հետևանքով:

Այսօր մաեստրոյի ծննդյան օրն է, լրանում է նրա 70-ամյա հոբելյանը, որի կապակցությամբ էլ կազմակերպվել է այս հիշատակի համերգը, նշում է Երևանի պետական կամերային երգչախմբի ներկայիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Քրիստինա Ոսկանյանը. - «Ցավոք սրտի, այս չարաբաստիկ համավարակից հեռացավ մեզանից ֆիզիկապես, բայց նա մեզ հետ է միշտ»։

Այս երեկո համերգային ծրագրում կհնչեն միայն հայ կոմպոզիտորների՝ Մանսուրյանի, Հալաջյանի, Երկանյանի և այլոց ստեղծագործությունները, և իհարկե՝ Կոմիտասի ստեղծագործությունները, որոնց կատարմանն ու ձայնագրմանը Հարություն Թոփիկյանը նվիրել էր իր կյանքի վերջին երեք տասնամյակը:

Հարություն Թոփիկյանը 1996 թվականին հիմնադրեց Երևանի կամերային երգչախումբը, որը կարճ ժամանակահատվածում լայն ճանաչում նվաճեց, բայց պետական կարգավիճակ ստացավ մոտ 10 տարի անց միայն: Իր ողջ գործունեության ընթացքում երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ ձայնագրել է կոմիտասյան բոլոր՝ 147 խմբերգերը, զուգահեռ, նաև բազմաթիվ այլ խմբերգեր, իսկ 2019 թվականի ընթացքում Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և բացառապե իր միջոցներով կազմակերպեց «Կոմիտասը և մենք» երգչախմբային փառատոնը, որի շրջանակներում 7 համերգներով երգչախումբը մեր երաժշտասեր հանրությանը ներկայացրեց կոմիտասյան բոլոր խմբերգերը:

Քրիտինա Ոսկանյանի խոսքով, Կոմիտասը չափազանց մեր դեր ուներ նրա կյանքում և նրա թողած երաժշտական ժառանգության մեջ՝ սկսած մտածելակերպից մինչև ապրելակերպ. - «Կոմիտասը ամեն ինչ էր իր համար։ Բնականաբար, այդ ավանդույթը պիտի շարունակվի, և բնականաբար, հնչերանգներ փոխվում են, քանի որ դիրիժորը ուրիշ է»։

Հիշելով Հարություն Թոփիկյանին՝ Ոսկանյանն ասաց. - «Ես աշխատել եմ նրա երգչախմբում հենց երգչախմբի առաջին օրերից։ Իր պատկերած Կոմիտասները անփոխարինելի են... նա ամեն մի ֆրազի վրա կարող էր մի մեծ ֆիլմ նկարել, այնքան պատկերավոր էր բացատրում այսինչ խոսքը, իմաստը։ Շատ խստապահանջ էր։ Եթե չլիներ խստապահանջ, այսօր չէր լինի այն, ինչ որ ունենք։ Մեծ պարտավորվածությամբ պետք է շարունակենք նրա գործը։ Նա չափազանց բարի և լավ ընկեր էր մեզ բոլորիս համար»։

Ի հավելումն հիշեցնենք, որ 1991 թվականին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած երգչախմբային միջազգային բացօդյա փառատոնի ընթացքում Հարություն Թոփիկյանը 20 հազար երգիչներից բաղկացած երգչախումբ է ղեկավարել 500 հազար ունկնդիրների ներկայությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG