Մատչելիության հղումներ

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուն պնդում է՝ պահանջել են աշխատանքից ազատման դիմում գրել


Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույր Արմինե Պողոսյան
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույր Արմինե Պողոսյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմինե Պողոսյանը պնդում է, որ նախընտրական շրջանում իրենից պահանջել են աշխատանքից ազատվելու դիմում գրել ու լքել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի իր 30 տարվա աշխատատեղը։

Նա պահանջը կապում է իր քաղաքական գործունեության հետ, թեև ասում է, որ քարոզարշավի ընթացքում անվճար արձակուրդում է եղել և աշխատավայրում քաղաքականությամբ չի զբաղվել։

Ըստ դաշինքի ընտական ցուցակի 122-րդ համարը ներկայացնող Պողոսյանի, աշխատանքից ազատվելու պահանջը Լոռու մարզպետարանից է եղել, որն իրեն ներկայացրել է հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատարը. - «Զանգեց տնօրենի պաշտոնակատարը ու հայտնեց, որ առբաժվարը զանգել ա, որ գա իրա հաշվից դիմում գրի ու ազատվի աշխատանքից, ապա թե ոչ, դատի ենք տալու։ Պատասխանել եմ՝ ես դիմում չեմ գրելու, թող ինձ դատի տան։ Բայց չգիտեմ էդ ինչի համար էին դատի տալու, որ ասել եմ՝ կարողանում եք, դուք ազատեք»։

Հարցին, թե արդյոք նշվել, որ պատճառն իր քաղաքական դիրքորոշումն է, Պողոսյանն արձագանքեց. - «Ուրիշ պատճառ, ինձ թվում ա, չկար»։

Այս մասին ընտրություններից մեկ ամիս անց՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ Վանաձորցի բուժքրոջ դեպքը ներկայացրել էր որպես իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում դաշինքի աջակիցների նկատմամբ. - «Մեր թիմակիցներին այսօր ազատում են աշխատանքից իրենց քաղաքական հայացքների համար։ Հիվանդանոցում աշխատող բուժքույր, կոնկրետ Վանաձորի հիվանդանոցի մասին է խոսքը, ով եղել ա մեր թիմակիցը, մեր աջակիցը, կանչել, ասել են դիմում գրի գնա։ Որովհետև դու եղել ես Վանեցյանի կուսակցության աջակիցը։ Մարզպետի մակարդակով»։

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Ափինյանը հաստատեց՝ մարզպետարանի առողջապահության վարչության պետը զանգահարել է իրեն, ասել, որ պետք է քաղաքականության մեջ հայտնված Արմինե Պողոսյանից հրաժարականի դիմում պահանջի. - «Պողոսյան Ռուզաննան, մեր առբաժնի վարիչը ինձ ասել ա՝ Արմինեին զգուշացրու, և գա իրա դիմումի համաձայն ազատվի աշխատանքից։ Ես իրան դա հաղորդել եմ։ Պողոսյան Արմինեն էլ ասել ա՝ դուք ուզում եք ազատեք, ինչ ուզում եք արեք, ես իմ դիմումի համաձայն երբեք դուրս չեմ գա»։

Տնօրենի պաշտոնակատարն ասաց՝ Արմինե Պողոսյանն անկախ իր քաղաքական հայացքներից, հիվանդանոցի լաբորատորիայի լավագույն աշխատակիցն է, և ինքը դեմ էր նրա ազատել աշխատանքից։ Այդ մասին հայտնել է իր վերադասին, մարզպետարանում ընդունել են դա ու հարցը փակվել է։ Հետագայում այլ պահանջ չի դրվել։

Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետը հրաժարվեց խոսել, մարզպետ Արամ Խաչատրյանն էլ «Ազատությանն» ասաց, թե տեղյակ չէ ինչի մասին է խոսքը։ Պնդեց, թե երբևէ աշխատանքից ազատվելու պահանջ դնելու հանձնարաություն չի տվել իր ենթակա վարչության պետին, ուստի նման բան լիներ չէր կարող։

Օրերս ինֆեկցիոն հիվանդանոցի բոլոր 30 աշխատողները ծանուցում են ստացել, որ օգոստոսի 31-ից ազատվելու են աշխատանքից հիվանդանոցի լուծարման պատճառով։

Դեռ մեկուկես տարի առաջ կառավարությունը որոշում էր կայացրել հիվանդանոցը միավորել Վանաձորի բժշկական կենտրոնի հետ։ Աշխատողների մի մասն այս դեպքում կկրճատվի։

Հիվանդանոցի բուժքույր Արմինե Պողոսյանը վստահ չէ՝ ինքը կրճատվողների՞, թե՞ մնացողների ցանկում կլինի։ Նշում է, որ քաղաքականից բացի, իրեն աշխատանքից ազատելու այլ դրդապատճառներ չպետք է որ լինեն. - «99 թվականից եղել եմ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, միշտ Հանրապետական կուսակցությանը ընդդիմություն, թեկուզև կոալիցիայի մեջ ենք եղել։ Եվ էդ ողջ ընթացքում՝ տասնութ տարի շարունակ, ոչ մեկը ինձ ոչ մի անգամ ոչ մի հարցով չի նեղացրել»։

«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանն «Ազատությանն» ասաց, որ հետամուտ են լինելու՝ պաշտպանելու իրենց կուսակցի իրավունքները, թեև Վանաձորի երկու բժշկական հաստատությունների միավորումից հետո կրճատումների դեպքում օրենքը չի արգելի Արմինե Պողոսյանին ազատել աշխատանքից. - «Մենք ունենք իրավաբանների խումբ, ուշադրության կիզակետում դրված է այս հարցը և ուսումնասիրում են։ Իհարկե, միգուցե օրենքի տառին չհակասի նրանց որոշումը, այսինքն՝ ելնելով կառուցվածքային փոփոխությունից, օրենքը տալիս է իրենց էդ հնարավորությունը՝ շրջանցելով բարոյական նորմը, որպեսզի ազատեն աշխատանքից, բայց այդուհանդերձ, մենք հետևողական ենք լինելու, որովհետև կան դրույթներ, կան կետեր, ու նույնիսկ նույն կառուցվածքային փոփոխության արդյունքում ովքեր պետք է վերականգնվեն և այլն, և այլն»։

Ի պատասխան հարցին, թե ինչու հենց նախընտրական շրջանում չեն բարձրաձայնել այս մասին, եթե համոզված են եղել, որ դաշինքի պատգամավորության թեկնածուն քաղաքական հետապնդման է ենթարկվում, Վահե Դոխոյանն ասաց, չեն ցանկացել դեպքը քաղաքական շահարկումների պատճառ դարձնել։

XS
SM
MD
LG