Մատչելիության հղումներ

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում մշակութային կոլեկտիվները կայցելեն սահմանամերձ համայնքներ


«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի ներքո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում հուլիս և օգոստոս ամիսներին մի խումբ մշակութային գործիչներ կմեկնեն սահմանամերձ բնակավայրեր՝ հանդես գալու համերգներով և թատերական ներկայացումներով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը շեշտեց։ - «Միշտ ասել եմ, հիմա ևս կրկնեմ, որ, կարծում եմ, երկիրը կառուցվում է սահմաններից։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից որտեղ է նա ապրում, պետք է իր արևի բաժինը ստանա։ Դա մեր պարտավորությունն է, պարտականությունն է։ Գիտեք, որ թատրոնը հաճախակի մեկնում է նաև արտերկիր, մասնակցում է տարբեր հեղինակավոր փառատոների։ Հավատացեք, որ սա ոչ պակաս պատվավոր է մեր համար, որովհետև սա նաև ապացուցում է, որ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը բոլորի թատրոնն է՝ անկախ նրանից, թե որտեղ են իրենք ապրում»։

Մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ, շատ կարևոր է, որ պետական աջակցությամբ առաջնահերթ իրականացվում են բազմաթիվ մշակութային նախագծեր հենց սահմանամերձ բնակավայրերում. - «Դժվար ժամանակներում չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ոլորտ, կառույց ճիշտ գնահատի և ճիշտ որոշարկի իր պատասխանատվության ձևը և չափը։ Յուրաքանչյուրս ինչ պատասխանատվություն ենք ստանձնում ստեղծված բարոյահոգեբանական ճգնաժամային վիճակը հաղթահարելու։ Եվ ինչպես կյանքը ցույց տվեց, դրա լավագույն գործիքակազմը, լավագույն միջոցը մշակույթն է։ Համավարակի սահմանափակումները մեղմացնելուց հետո մենք տեսանք, թե ինչ մեծ մարդկային հոսք սկսվեց դեպի մշակութային հաստատություններ, ինչ մեծ հետաքրքրություն առաջացրեցին համերգները, ներկայացումները։ Հետպատերազմական իրավիկում սահմանամերձ համայնքներում չափազան կարևոր է մշակութային բովանդակության ձևավորումը և ներկայացումը, և ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել իմ գործընկերներին, ովքեր ստանձնել են իրենց բաժին պատասխանատվությունը, և մենք սկսում ենք լայնածավալ մշակութային այցեր սահմանամերձ համայնքներ, նույնիսկ ամենահեռավոր համայնքներ»։

Մարզային հյուրախաղերին մասնակցում է նաև Երգի պետական թատրոնը, որի տնօրեն Արմեն Սարգսյանի խոսքով, մայրաքաղաքում ևս շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա մասնակցել համերգների հենց իրենց թատրոնում, որը գրեթե երկու տարի հիմնանորոգման մեջ է, բայց այն շուտով կավարտվի և Երգի պետական թատրոնը կբացի դռները հանդիսատեսի առջև:

Մինչ այդ մեկնելու են մի շարք սահմանամերձ բնակավայրեր՝ իրենց նվագախմբով և արտիստներով հանդես գալու համերգներով՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին:

«Քանի որ այս տարի Առնո Բաբաջանյանի հարյուրամյակն է, հայտարարեցինք բաբաջանյանական տարի։ Արդեն համերգ ունեցել ենք՝ ոչ Երգի պետական թատրոնի դահլիճում։ Հենց էդ ծրագրով էլ որոշեցինք այցելել սահմանամերձ համայնքներ, նաև Արթուր Գրիգորիչի սիրված ստեղծագործություններով։ Հուսով եմ, լավ կանցնի», - ասաց Սարգսյանը։

Մարզային հյուրախաղերի է մեկնում նաև հանրահայտ Հայրապետյան ջազ-տրիոն, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ միասին:

«Ես շատ ուրախ եմ, որ հիմա այս խմբով ենք նստած, որովհետև ստեղ հիանալի ստեղծագործական խումբ կա, որի միտքը ու գաղափարները միշտ բաց են։ Քանի որ խոսվեց Առնո Բաբաջանյանի հարյուրամյակի մասին, միանգամից նշեմ, որ շատ մեծ նախագիծ ենք անում Կամերային երաժշտության տան հետ և Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Տեղի կունենա մեծ համերգ. Առնո Բաբաջանյանի հայտնի և ոչ այնքան հայտնի ստեղծագործությունները իմ մշակմամբ ջազային եռյակի, քառյակի և նվագախմբի հետ միասին։ Նվագախումբը կղեկավարի Ռոբերտ Մլքեյանը։ Շատ հետաքրքիր է, ես ինքս անհամբեր սպասում եմ։ Այսօր առաջին փորձն է։ Բացի էդ ծրագրից, ունենք նաև փոքրիկ կազմով նորից մարզերում Հայրապետյան ջազային եռյակը ելույթ կունենա էլի նույն նախագծով, և այդ համերգաշարը կոչվելու է Մարզային ջազիֆիկացիա», - ասաց Վահագն Հայրապետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG