Մատչելիության հղումներ

Նորամարգի ավելի քան 40 ընտրողների կաշառք տալու փաստով քննված քրգործի նախաքննությունն ավարտվել է


Արարատի մարզի Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Համաձայն հաղորդագրության՝ պարզվել է, որ Արարատի մարզի Նորամարգ համայնքի` «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ. Հովհաննիսյանը նույն համայնքի երեք բնակչուհիների հետ նախնական համաձայնությամբ ավելի քան 40 ընտրողների առաջարկել և տվել են կաշառք՝ ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար:

Վ. Հովհաննիսյանը, համակարգելով «Պատիվ ունեմ»-ի նախընտրական շտաբի աշխատանքները, հունիս ամսվա սկզբին շտաբի աշխատակցուհի Ն. Մանուկյանի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Նորամարգ համայնքի բնակիչներին մեկ ձայնի դիմաց 15.000 դրամի չափով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև` հունիսի 16-ին, Հովհաննիսյանը Մանուկյանին անձամբ տվել է նախ՝ 240.000 դրամ, ապա՝ 300.000 դրամ՝ ընտրողներին վերոհիշյալ նպատակով տրամադրելու համար:

Մանուկյանը, իր հերթին, ընտրողներ հավաքագրելու և «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերջիններիս կաշառք տալու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Նորամարգի բնակչուհիներ Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 16-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում` Նորամարգ համայնքի վարչական տարածքում, Հովհաննիսյանը Մանուկյանի հետ, իսկ վերջինս նաև Կարապետյանի և Ավետիսյանի հետ` խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընդհանուր 645.000 դրամ կաշառք են բաժանել Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների` յուրաքանչյուրին 15.000-ական դրամ:

Խմբի կազմում նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք առաջարկելու և տալու համար Հովհաննիսյանին, Մանուկյանին, Կարապետյանին և Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել: Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուս մեղադրյալների նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG