Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ


Քննչական կոմիտեն Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում 5-րդ համարը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Պատգամավորի թեկնածուի եղբայրը երեկ է ձերբակալվել երկու օր առաջ մայրաքաղաքի կենտրոնում կրակոցներով ուղեկցված միջադեպի գործով։

Ըստ Քննչական կոմիտեի, Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել, հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Լրատվամիջոցների տեղեկություններով, կրակոցներն արձակել էր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։

Նախնական տվյալներով, անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Ամիրյան 18 հասցեում վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածներով։

Դեպքի հանգամանքների մասին Ռոբերտ Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը հրաժարվեց որևէ տեղեկություն տալ։ Միայն պնդեց, թե ձերբակալումն իրավաչափ չէ, և որ արդեն բողոք է ներկայացրել դատարան. - «Ձերբակալման ոչ իրավաչափ լինելը ես էս պահին կապում եմ էն հանգամանքի հետ, որ ձերբակալման նպատակները գոյություն չունեին։ Որովհետև մարդը իրա կամքով ներկայացել ա ոստիկանություն, պատրաստակամություն ա հայտնել աջակցելու նախաքննությանը ամեն կերպ, ու իմաստ չկա էդ անձին ձերբակալելու»։

Ինքը՝ իշխող կուսակցության պատգամավորի թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասյանը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, առանց եղբոր անունը տալու անթույլատրելի և տհաճ է որակել միջադեպը. - «Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»:

«Մարդիկ անհանգստանալու որևէ առիթ չունեն։ Վստահեցնում եմ ձեզ, եթե որևէ մեկը ենթադրեր, որ ամենայն լրջությամբ պատասխանատվության է ենթարկվելու և անխուսափելի է լինելու իր պատասխանատվությունը, վստահ եղեք, որ էսպիսի քայլերի չէին գնա», - «Ազատությանն» ասաց իրապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նրա խոսքով, նման դեպքերի կանխարգելիչ միջոցը տոտալ անպատժելիության վերացումը և պատասխանատվության ենթարկելը պետք է լինի։ Այս դեպքում, սակայն, իրավապաշտպանը հույս չունի, որ որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի. - «Ես ակնկալիք չեմ ունեցել, չունեմ և ենթադրում եմ, որ ո'չ դատական համակարգի չբարեփոխված պրոցեսը, ո'չ ոստիկանության ու մնացած համակարգերի իրական խորքային չբարեփոխումները ոչինչ չեն հուշում և ոչ մի հույս չեն ներշնչում, թե որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի։ Մոտավորապես կլինի հետևյալը. այնքան երկար կձգեն այս գործը, որ կա՛մ կմոռացվի, կա'մ իրավիճակ կփոխոխվի»։

Իրավապաշտպանի կարծիքով, գործը հնարավոր է կոծկվի, քանի որ ուղիղ կապ կա իշխանության ներկայացուցչի հետ. - «Ամբողջ բեռը այս պահին իրավապահ մարմինների վրա ա, որովհետև ակնհայտ է քաղաքի կենտրոնում, բանուկ մասում, հանրային վայրում ուղղակի կրակոց է հնչել։ Սա չի կարող գեղեցիկ փաթեթավորվել և վերջում էլ գործը փակվել, էսպես չի կարող լինել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG