Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 17:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կլինիկական մահ, բիոլոգիական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1988-ն ծնված բնակչուհի, ում, համաձայն շտապօգնության բժշկի հայտարարության, անգիտակից վիճակում հանել են լողավազանից:
Ըստ Կոմիտեի՝ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, կինն Արզնի համայնքում գտնվող հանգստյան գոտում նստած է եղել լողավազանի բետոնե բազրիքին, որտեղ նրան աննկատ մոտեցել է իր ընկերը և հրել գցել է ջրով լցված լողավազանը:
Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով [Անզգուշությամբ մահ պատճառելը]: Կնոջ ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, նա հարցաքննվել է։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: