Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանում ՆԳ նախարարի այսօր նախատեսված ելույթը հետաձգվեց


Վրաստանում հուլիսի 5-ի բռնությունների հետ կապված խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում պարզաբանումներ էր տալու ներքին գործերի նախարարը, սակայն նախատեսված լսումները չեն կայացել։

Չնայած ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին կեսօրից հետո ժամանել էր խորհրդարան պատասխանելու պատգամավորների հարցերին, բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան որոշեց լսումները հետաձգել հաջորդ լիագումար նիստին։

Նրա խոսքերով՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ լրագրողներին ժամանակ և հնարավորություն են տրվել բողոքի ակցիաների համար, բայց հետո բոլորը պետք է վերադառնային իրենց պարտականությունների կատարմանը։ Լրագրողները պետք է նիստը լուսաբանեն, այլ ոչ թե իրենց պահանջների պաստառներ ներկայացնեն, ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։

Խորհրդարանի ներսում մամուլի համար նախատեսված պատշգամբից ընդդիմադիր լրագրողները երկու պաստառ էին կախել՝ պահանջելով պատժել բոլոր մեղավորներին ու ստանձնել քաղաքական պատասխանատվություն։ Իսկ շենքից դուրս մի խումբ ակտիվիստներ, լրագրողներ ու ընդդիմադիր կուսակցությունների անդամներ բողոքի ակցիա էին անցկացնում։ Ոստիկանությունը շղթա էր կազմել նրանց մուտքը խորհրդարան արգելափակելու համար։

Հուլիսի 5-6-ին Թբիլիսում փոքրամասնությունների իրավունքների ակցիան լուսաբանող հինգ տասնյակից ավելի լրագրողներ մարմնական վնասվածքներ են ստացել ծայրահեղականների հարձակումների հետևանքով։ Միջադեպից վեց օր անց մահացել է «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր (Լեկսո) Լաշկարավան։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ նա մահացել է թմրանյութի գերադոզավարման հետևանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG