Մատչելիության հղումներ

Ուկրաինան բողոք է հայտնել իր երկու քաղաքացիներին Վրաստանում կալանավորելու կապակցությամբ


Ուկրաինայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը անցած ուրբաթ կանչվել է արտգործնախարարություն, այն բանից հետո, երբ Բաթումիի քաղաքային դատարանը որոշեց 4 տարով կալանավորել Ուկրաինայի երկու քաղաքացիներին։

Ուկրաինայի քաղաքացիներ Յուրի Խոմիչն ու Վլադիմիր Դյաչենկոն ձերբակալվել էին 2020-ի նոյեմբերին Վրաստանի ափին մոտեցած զբոսանավում։ Հուլիսի 14-ին Բաթումիի դատարանը նրանց դատապարտեց 4 տարվա ազատազրկման Վրաստանի պետական սահմանը անօրինական հատելու համար։

Ուկրաինայի արտգործնախարարության մամուլի խոսնակն ասել է, որ Վրաստանի դեսպանին հայտնել են իրենց հիասթափությունը դատարանի որոշման կապակցությամբ, ինչը ուկրաինական կողմը անարդար է համարում։ Նաև նշվել է, որ այն չի համապատասխանում Ուկրաինայի և Վրաստանի միջև բարեկամական և ռազմավարական համագործակցության ոգուն։ Կիևը վրացական կողմին կոչ է արել վերանայել դատարանի որոշումն ու անհապաղ ազատ արձակել Ուկրաինայի քաղաքացիներին։

«Արտգործնախարարությունը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զբոսանավը, որի վրա գտնվել են Օդեսայի նավաստիներ Խոմիչն ու Դյաչենկոն, պատկանում է Վրաստանի քաղաքացի Միխայիլ Բատուրինին։ Բատուրինը Միխեիլ Սաակաշվիլիի թիկնապահներից էր, երբ նա Վրաստանի նախագահն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG