Մատչելիության հղումներ

Տեղի կունենա «Չորս դաշնամուր՝ մեկ բեմում» նախագծի հերթական համերգը


«Չորս դաշնամուր՝ մեկ բեմում»։ Այս խորագրով այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և չորս դաշնակահարների մասնակցությամբ:

Այս նախագիծն առաջին անգամ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն իրականացրեց 2015 թվականին: Այն մեծ սիրով և հետաքրքրությամբ ընդունվեց երաժշտասերների կողմից և կրկնվեց ևս մեկ անգամ տարբեր դաշնակահարների մասնակցությամբ, որոնց թվում նաև Վահան Մարտիրոսյանն էր։

Այսօր մեր երաժշտասերները կարող են ունկնդրել Հայաստանի պետական կամերային նվագախմբին և հանրաճանաչ դաշնակահարներ Էլիան Ռեյեսին՝ Բելգիայից, Քեյ Սաութոմենին՝ Ճապոնիայից, Լող Ֆավղը Կանին՝ Ֆրանիսիայից, և նվագախմբի ղեկավար, դաշնակահար Վահան Մարտիրոսյանին, որը նաև ղեկավարելու է համերգը: Համերգային ծրագրում կհնչեն Խաչատրյանի, Վիվալդիի, Շտրաուսի, Պրոկոֆևի, Բիզեի ստեղծագործությունները: Դրանց մի մասը մշակվել է հատուկ այս համերգային ծրագրի համար:

«Նախագիծը արդեն երրորդ անգամ է իրականացվում։ Նախատեսված էր անցած տարի սա անել, բայց պանդեմիայի պատճառով տեղափոխեցինք։ Շատ հետաքրքիր ծրագիր է, նոր մշակումներ ունենք այդ ստեղծագործությունների, որոնք արվել են Միխայիլ Կորժաևի կողմից հատուկ չորս դաշնամուրի և կամերային նվագախմբի համար։ Առաջին անգամ են հնչելու էս ստեղծագործությունները հնչելու էս տարբերակով։ Կարծում եմ, որ բոլորին շատ դուր կգա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը։

Ընդհանուր առմամբ նախագծի մասին Բաբուրյանն ասաց. - «Շատ դրական արձագանքներ կան։ Հավանել էր հանդիսատեսը էս տարբերակը և նման մշակումները, որ գրված են չորս դաշնակահարների համար։ Կարծում եմ, որ այս մեկն էլ կարժանանա բարձր գնահատականի»։

Հավելենք նաև, որ մի քանի օր հետո Հայաստանի պետական կամերային նվագախումբը Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ համերգով հանդես կգա Կամերային երաժշտության տանը երիտասարդ մենակատարներ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ, նաև ՀՀ նախագահի մրցանակակիրներ ջութակահար Դիանա Ադամյանի և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանի հետ համատեղ՝ Մոցարտի և Մենդելսոնի ստեղծագործությունների կատարմամբ:

Իսկ հուլիսի վերջին նվագախումբը կմեկնի Սյունիքի մարզ անվանի ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ՝ Գորիսում, Կապանում և Սիսիանում հանդես գալու Առնո Բաբաջաբյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգով:

Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային կատարումները նվագախմբի մասնակցությամբ մշակել է Վահագն Հայրապետյանը: Սյունիքից վերադառնալուն պես նրանք հանդես կգան բացօդյա համերգով հուլիսի 31-ին Կամերային երաժշտության տան բակում՝ հնարավորություն ընձեռելով նաև մայրաքաղաքի երաժշտասերներին ունկնդրել բաբաջանյանական ստեղծագործությունների ջազային մշակումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG