Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ հարձակման ենթարկված հոլանդացի լրագրողը մահացել է


Հոլանդացի հետաքննող լրագրող Պետեր դե Վրիեսը, արխիվ
Հոլանդացի հետաքննող լրագրող Պետեր դե Վրիեսը, արխիվ

Անցած երեքշաբթի օրը հարձակման ենթարկված հոլանդացի հայտնի հետաքննող լրագրող, քրեական զարգացումներ լուսաբանող Պետեր դե Վրիեսը մահացել է հիվանդանոցում:

64-ամյա լրագրողը հուլիսի 6-ին մասնակցել է Ամստերդամում RTL հեռուստատեսության ծրագրին և հրազենից վիրավորվել է ստուդիայից դուրս գալու պահին:

Ոստիկանները ձերբակալել են երեք կասկածյալների, որոնցից մեկին ավելի ուշ ազատ են արձակել:

Տարիների ընթացքում Դե Վրիեսի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել հանցավոր աշխարհի պարագլուխները: 2008 թվականին նա շահել է Էմմի հեղինակավոր մրցանակը:

«Պետերը պայքարել է մինչև վերջին վայրկյանը, բայց այս մի կռվում չի կարողացել հաղթել, նրա կարգախոսն էր «Ծնկի եկածը երբեք ազատ չէ», նա մահացել է՝ շրջապատված նրան շատ սիրող մարդկանցով», - ասվում է լրագրողի ընտանիքի տարածած հայտարարությունում:

Պետեր դե Վրիեսը հետաքննել է շուրջ 500 սպանություններ և ծանր այլ հանցագործություններ և իր հրապարակումներով նպաստել է դրանցից մի քանիսի բացահայտմանը: Նիդերլանդներում մեդիայի ասպարեզում գործընկերները նրան անվանել են «անվախ լրագրող»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG