Մատչելիության հղումներ

Արոնյանը Սոչիում առաջին պարտիան չի անցկացրել առողջության վատթարացման պատճառով


Լևոն Արոնյանը, արխիվ

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը չի խաղացել Սոչիում ընթացող Աշխարհի գավաթի 1/64 եզրափակիչի առաջին պարտիան: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Արոնյանն այդ որոշումն է կայացրել առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Ըստ Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ FIDE-ի մամլո ծառայության, այս շաբաթվա ընթացքում Արոնյանի մոտ տենդի նշաններ են նկատվել:

FIDE-ն հայտնում է, որ Արոնյանն իրեն լավ է զգում, սակայն պետք է լրացուցիչ ստուգումներ անցնի, ինչից հետո կորոշվի, թե արդյոք նա կխաղա՞ երկրորդ պարտիան:

38-ամյա Լևոն Արոնյանը FIDE-ի վարկանիշով այսօրվա դրությամբ աշխարհում գրավում է 5-րդ տեղը:

Արոնյանը չորս անգամ մասնակցել է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարերին, երկու անգամ՝ 2005 և 2017 թվականներին, վաստակել է Աշխարհի գավաթը, Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ՝ 2006, 2008 և 2012 թվականներին, դարձել է Շախմատի օլիմպիադայի չեմպիոն, 2011 թվականին դարձել է աշխարհի թիմային առաջնության չեպմիոն: 2005 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:

Այս տարվա փետրվարին Արոնյանը հայտարարել է, որ հրաժարվում է Հայաստանի դրոշի տակ հանդես գալուց և մշտական բնակության է մեկնում Միացյալ Նահանգներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG