Եվրամիության գերագույն դատական ատյանը՝ Եվրոպական դատարանը վճռել է, որ որոշակի պայմաններում ընկերությունները կարող են աշխատող կանանց արգելել դեմքը փակել մահմեդական գլխաշորով:
«Աշխատատեղում քաղաքական, փիլիսոփայական կամ կրոնական համոզմունքի արտաքին դրսևորման արգելքը կարող է պատճառաբանվել հաճախորդի նկատմամբ չեզոքություն ցուցաբերելու կամ սոցիալական վիճաբանությունից խուսափելու գործատուի մտադրությունը»,- նշվում է Եվրոպական դատարանի վճռում:
Միաժամանակ դատարանն ընդգծում է, որ տվյալ հիմնավորումը պետք է համապատասխանի գործատուի իրական կարիքին, և վիճարկվող իրավունքների և շահերի համադրման ընթացքում ազգային դատարանները կարող են հաշվի առնել անդամ երկրի հատուկ ենթատեքստը և, մասնավորապես, կրոնի ազատության վերաբերյալ առավել մեղմ ազգային մոտեցումները:
Եվրոպական դատարանն անդրադարձել է այս խնդրին այն բանից հետո, երբ Գերմանիայում երկու մահմեդական կանայք հայցով դիմել են դատարան, քանի որ գործատերը նրանց արգելել է աշխատանքի վայր ներկայանալ երեսները գլխաշորով փակած: Մահմեդական կանայք ասում են, որ գլխաշորն իրենց հավատի կարևոր տարրն է: