Մատչելիության հղումներ

Ադրբեջանում առկա է ռասիստական ինստիտուցիոնալ քաղաքականություն, շեշտում է Թաթոյանը


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Ադրբեջանական իշխանությունների արարքների և հրապարակային ուղերձների վերլուծությունն ապացուցում է ֆաշիզմի հասնող ռասիստական ինստիտուցիոնալ քաղաքականության առկայությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի հուլիսի 12-ի նիստում հեռարձակված տեսաուղերձում:

Միայն անկախության «A» միջազգային կարգավիճակ ունեցողների համար թույլատրելի տեսաուղերձում Արման Թաթոյանը շեշտել է՝ ադրբեջանական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, գլխատելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով:

Օմբուդսմենի՝ ապացույցների վրա հիմնված զեկույցները հաստատում են, որ ներկայում այդ քաղաքականությունն արտացոլվում է Հայաստանի սահմանային գյուղերի հարևանությամբ և Հայաստանի համայնքների միջև ճանապարհներին ապօրինի ներկա ադրբեջանական զինծառայողների արարքներում:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ավելի քան 300 տեսանյութի համակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից:

Այս ամենը հաստատվել է սպանված հայերի մոմե կերպարների ու սաղավարտների, այսպես կոչված, «հաղթանակի ավար» պուրակի բացմամբ Ադրբեջանի մայրաքաղաքում:

Այն շղթայված պատանդների պուրակ է: Մարդկային տառապանքների թանգարան է, թանգարան, որ ստեղծվել է ռասիզմը խթանելու համար:

Այս բոլոր փաստերը հաստատում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախի և Հայաստանի բնակչության դեմ», - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ հայտարարել է Արման Թաթոյանն իր տեսաուղերձում:




XS
SM
MD
LG