Մատչելիության հղումներ

Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ


Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտե, արխիվ

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ուղիով շարունակելու Հայաստանի հանձնառության մասին: Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել: Ես անկեղծ հույս ունեմ, որ Դուք կշարունակեք իրականացնել այդ կարևոր բարեփոխումները, չնայած անբարենպաստ անվտանգային միջավայրին:

Շարունակական համագործակցության ակնկալիքով վստահություն եմ հայտնում, որ միասին կկարողանանք հաջողությամբ նպաստել Հայաստանի և Նիդերլանդների միջև սերտ գործընկերության խորացմանը: Որպես ժողովրդավարության և լավ կառավարման սկզբունքներին հավատարիմ երկիր, Նիդերլանդները կշարունակի սատարել Հայաստանին բարեփոխումների գործում, հատկապես ժողովրդավարացման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Մենք կսերտացնենք տնտեսական համագործակցությունը, մասնավորապես գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում:

Մեծապես կարևորում եմ մեր գործակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում և ակնկալում եմ, որ այս տարվա վերջին Արևելյան գործընկերության արդյունավետ գագաթնաժողով կունենանք: Ես նաև բարձր եմ գնահատում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակում մեր սերտ համագործակցությունը»:

«Հաճույքով ակնկալում եմ 2022 թվականին հյուրընկալել Ձեզ Նիդերլանդներում՝ նշելու մեր երեսնամյա դիվանագիտական հարաբերությունների հաջողությունները», - Փաշինյանի գրում է Ռուտտեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG