Մատչելիության հղումներ

Աշունը բավական հետաքրքիր է լինելու ՏԻՄ ընտրությունների առումով, ասում է Պապիկյանը


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզում զրուցում է լրագրողների հետ, 13-ը հուլիսի, 2021թ․

Հոկտեմբերին Գյումրիում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնք արդեն երկրորդ անգամ կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Առաջադրումները կսկսվեն օգոստոսին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդյոք արդեն որոշե՞լ է, թե ում է առաջադրելու երկրորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնում, «Ազատություն»-ը հետաքրքրվեց կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանից:

«Այս փուլում՝ ոչ իհարկե, բայց հիմա ինտենսիվ, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, աշխատելու ենք այդ ուղղությամբ», - ասաց Պապիկյանը՝ նշելով, որ իր ունեցած տեղեկատվությամբ՝ ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 17-ին։ «Աշունը բավականին հետաքրքիր է լինելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության առումով», - հավելեց նա։

Թեև Գյումրիում մի քանի անուններ շրջանառվում են, նաև՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանինը, բայց Պապիկյանը չցանկացավ անուններ նշել․ - «Այս փուլում բարձրաձայնման ենթակա չէ, քննարկումների մեջ ենք, երբ որոշում կունենանք, դրա մասին կասենք»։

Գյումրին 9 տարի ղեկավարած Բալասանյանի աշխատանքից, պարզվեց, ՏԻՄ գործունեությունը համակարգող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ղեկավարը գոհ է:

«Մեր համատեղ աշխատանքի արդյունքը տեսանելի է, և գնահատականները կրկին գյումրեցիների, քաղաքացիների կողմից հնչում են։ Ես կարող եմ ասել, որ ինձ համար՝ աշխատանքը շատ բարձր որակի է, ես բարձր եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը։ Մնացածը՝ հաջորդիվ, ամփոփման մասին՝ ամփոփման ժամանակ», - նշեց Պապիկյանը։

Հարցին՝ հավանակա՞ն է, որ հենց Բալասանյանը դառնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց․ - «Ես հիմա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին չեմ ուզում անդրադառնալ, արդեն նշեցի, որ քաղաքական թիմը որոշում չունի, և անդրադառնալ դրան ուղղակի այս փուլում սխալ կլինի»։

Հայաստանի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում համամասնական ընտրակարգով ընտրություններ առաջին անգամ 2016 թվականին են անցկացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG