Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 15-ի համերգով կամփոփի 2020-2021 համերգաշրջանը


Հուլիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կամփոփի 2020-2021 թվականների համերգաշրջանը, որը հոբելյանական էր նվագախմբի համար: Այս տարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման 15-ամյակը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, անդրադառնալով առաջիկա հոբելյանական համերգային ծրագրին, ներկայացրեց նաև համերգի մենակատարին՝ 15-ամյա տաղանդաշատ դաշնակահար, Մալթայում իր ընտանիքի հետ բնակվող և բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի հետ ելույթներ ունեցող Դմիտրի Իշխանովին: Համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիան» և Բեթհովենի 3-րդ կոնցերտը:

«Տասնհինգամյա հոբելյանական համերգաշրջանը կարևոր էր նորաստեղծ նվագախմբի համար և շատ դժվար տարի էր պլանավորման համար և ընդհանուր գեղարվեստական ծրագրերի իրականացնելու համար աշխարհում։ Բայց մեծ ձեռքբերումներ ունենք, աշխատել ենք լավագույն երաժիշտների հետ, ներկայացրել ենք քառասուն համերգ, վեցը՝ առցանց, և այս տուրբուլենտ պայմաններում նույնիսկ կարողացել ենք ունենալ հյուրախաղեր դրսում։ Չորս համերգ ենք ունեցել Հայաստանից դուրս՝ Դուբայում, որտեղ աշխատել ենք Եղիսաբեթ թագուհու և մրցույթի առաջին մրցանակների հետ, ինչը նաև մեծ ձեռքբերում էր»։

Անդրադառնալով իրենց հոբելյանական համերգաշրջանին՝ Սմբատյանն ընդգծեց նաև, որ, չնայած բոլոր բարդություններին, 2020-21 թվականներին իրենց հաջողվել է իրականացնել իրենց իսկ հիմնադրած «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ 5 համերգային ծրագրերով, «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը»՝ նշանավորելով հայ մեծ կոմպոզիտորների հոբելյանները, «Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական փառատոնը», որն անց է կացվել առցանց ձևաչափով, և իհարկե «Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը», որի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկը:

Հանդես են եկել նաև հատուկ նախագծերով, ձայնագրել են նաև մի շարք հայ անվանի կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր 15-ամյա գործունեության ընթացքում տարբեր համերգասրահներում և հաստատություններում է փորձեր և համերգային գործունեություն ծավալել:

Այսօր ի պատասխան հարցիս, թե ինչպես վերաբերվում ԿԳՄՍ-ի նախարարության մտադրությանը Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը իրենց տնօրինությանը հանձնելուն, Սերգեյ Սմբատյանն ասաց հետևյալը. - «Ներկայացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շահերը՝ պետք է ասեմ, որ նվագախումբը տասնհինգ տարի չունի փորձատեղ։ Տասնհինգ տարի դա ոչ մի փոթորիկ չի առաջացրել... Մենք ապացուցում ենք, որ նվագախումբը առանց կենցաղային պայմանների ստեղծում է արժեք, տասնհինգ տարի դա է անում։ Դա կլինի համերգի տեսքով, ձայնագրություն, ասելիք, բովանդակային ձեռքբերում և ընդհանուր այդ օրակարգը, որը մենք ներկայացնում ենք Հայաստանում, Հայաստանից դուրս և Հայաստանի մասին Հայաստանից դուրս։ Այսօր մենք ունենք պետություն, ունենք պետական օրակարգ, որը որ շատ բաց տիրույթում ասում է, թե ինչ է կարևորվում և ինչ մտադրություններ ունեն։ Ես իրավասու չեմ խոսել այլ կոլեկտիվների խնդիրների մասին։ Ես գիտեմ, որ մենք ունենք թիմ, մենք ունենք նվագախումբ, մենք ունենք խնդիր, այդ խնդրի մասին մենք տասնհինգ տարի է բարձրաձայնում ենք։ Ես չեմ փորձում ավելի շատ պետության շահերը ներկայացնել, քան նվագախմբի։ Ինչ վերաբերում է նրան, որ նվագախմբի հարցերը մեկ օր պետք է կարգավորվեն, որ մենք ունենանք տարածք, որ մենք կարողանանք փորձեր անել... Նվագախումբը շատ բարդ մեխանիզմն է, որտեղ որ կան գործիքներ, որտեղ որ կա համակարգ, որտեղ որ պետք է լինի հնչողության մինիմալ պայմաններ, և ամեն անգամ տարբեր տեղեր փորձելով, մենք ունենք որակի անկում, որը մեր համար ռիսկային է, որովհետև մեր հաջողությունը դա մեր որակն է։ Դրա համար ես շատ ուրախ եմ, որ ինչ-որ մի քայլ է արվում, որ պետությունը գիտակցում է, որ այո, նվագախմբին անհրաժեշտ են սոլիդ պայմաններ, որտեղ մենք կկարողանանք ծավալել մեր գեղարվեստական գործունեությունը»։

Հարցին, թե արդյոք հատկացվող տարածքը հարմար է իրենց, Սմբատյանն արձագանքեց. - «Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ։ Ես շատ հստակ ձևակերպեցի, որ ես պատրաստ չեմ խոսել տարածքի մասին։ Ես միայն խոսում եմ, որ, այո, նվագախմբին պետք է տարածք՝ աշխատելու, օֆիսային տարածք լինի, որտեղ մենք կաշխատենք, և տեղ, որտեղ մենք փորձենք»։

XS
SM
MD
LG