Մատչելիության հղումներ

Միջնորդ տերությունները չեն ճանաչում Շուշին որպես Ադրբեջանի մաս. վերլուծաբաններ 


Հայկական եկեղեցի Շուշիում

Հայաստանի արտգործնախախարություն են հրավիրվել Երևանում հավատարմագրված այն երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, որոնց դեսպանները Ադրբեջանում օրեր առաջ այցելել էին Շուշի, քիչ առաջ տեղեկացրեց ԱԳՆ-ն։

«Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ նշվել է, որ Հայաստանը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ։ Հայաստանը հաստատակամորեն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են արդարացնել ուժի կիրառումը և դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը», - կարդում ենք արտգործնախարարության այօրվա հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Արցախի արտգործնախարարությունը՝ դատապարտելով Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի։

«Դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի, [Ադրբեջանի փորձն] է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները», - ասված է հայտարարությունում։

Ընդգծելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «Ադրբեջանի զավթած Արցախի Հանրապետության տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն ժամանակավորապես օկուպացված տարածքներ են»՝ Արցախի արտգործնախարարությունը եզրափակում է. - «Ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով Շուշին Արցախի անքակտելի մասն է։ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայմաններ են։ Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով»։

Բաքվում հավատարմագրված 46 երկրների դեսպաններ Ադրբեջանի կառավարության հրավերով հուլիսի 9-10-ը այցելել են Շուշի, սակայն ուղևորությանը հրաժարվել են մասնակցել Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Բաքվում ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանատները նաև հրաժարվել են ադրբեջանական լրատվամիջոցների պարզաբանել, թե դեսպանները ինչու չեն մեկնել Շուշի։ Նմանատիպ հարցմանը դեռ չի արձագանքել Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը։

Հուլիսի 9-10-ը Շուշի հրաժարվել է այցելել նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ «Ազատության» հարցմանն ի պատասխան, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հաստատել է, որ Բաքվում բրիտանական դեսպանության ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել հուլիսի 9-10-ը Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղ կազմակերպված այցին։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով, նման քայլով Վաշինգտոնը, Փարիզը և Մոսկվան ցույց են տալիս, որ չեն ճանաչում Շուշին, որպես Ադրբեջանի մաս. - «Ակնհայտ է ինձ համար, որ երեք համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, չեն մասնակցել, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Երկրորդ պատճառը նա է, որ Շուշին և Հադրութը իրենք համարում են Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մաս»։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի կարծիքով, այսկերպ տերությունները հրապարակավ հայտարարում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը ամնևին էլ հանգուցալուծված չէ, ինչպես շարունակաբար հայտարարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո. - «Եվ էստեղ իրականում, այսպես ասած՝ նոր փուլն է բացվում ընթացող գործընթացների։ Ես հուսով եմ, որ մենք այդ փուլին կհասցնենք մասնակցել։ Դրան մասնակցելու համար մենք պետք է ձևավորենք կառավարություն և, որ շատ կարևոր է այս հարցում, ձևավորենք Արտաքին գործերի նախարարություն ու դրա ղեկավար կազմ, ու սկսենք լայնածավալ աշխատանք Մինսկի խմբի բանաձևի վերականգնման ու էդ բանաձևով բանակցությունների նորմալ գործընթացի բացազատման։ Այնպես որ, ես կարող եմ ասել, որ Մինսկի խմբի համանախագահությունը ըստ էության շանս տվեց Հայաստանին վերադառնալու գործընթացների մեջ և վերակազմակերպելու դիվանագիտական, քաղաքական գործընթացը Արցախյան հիմնահարցի շուրջ»։

Ե՛վ Արեգ Քոչինյանը, և՛ Ստեփան Գրիգորյանը Հայաստանի արտաքին քաղաքականության բացթողում համարեցին, որ Ադրբեջանն կարողացել է ավելի քան չորս տասնյակ երկրների դեսպանների նման այց կազմակերպել Շուշի։

XS
SM
MD
LG